«Եթե աշխարհի չեմպիոն դառնամ՝ հաղթանակս նվիրելու եմ զոհված եղբորս». արցախցիները Երևանում վերսկսել են կարատեի մարզումները
Արցախից բռնի տեղահանված երեխաները, որոնք Ստեփանակերտում հաճախում էին Կիոկուշին կարատեի, այսուհետ կարող են անվճար հիմունքներով մարզումները շարունակել Երեւանում:
Մի քանի օր է՝ արցախցի երեխաները Մոլդովական փողոցի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում վերսկսել են կարատեի մարզումները: Նրանց մեկ հարկի տակ է հավաքել Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի համահիմնադիր, վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը:
«Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիան Հայաստանում գործելու է որպես առանձին միավոր: Ես իմ առաջ դրել եմ ինչպես մարզական, այնպես էլ ոչ մարզական նպատակ. փորձելու եմ կարատեի միջոցով համախմբել արցախցի երեխաներին, պահպանել մեր բարբառը: Պարապմունքների ժամանակ հնարքների բացատրությունն անելում եմ զուտ արցախյան բարբառով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը:
Արցախցի վաստակավոր մարզիչը Հայաստանում գործունեությունը վերսկսելու, անհրաժեշտ մարզադահլիճ եւ գույք ձեռք բերելու համար դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, բայց պետական գերատեսչությունից Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ստացել է այս պատասխանը.
«Եթե դուք ղարաբաղցի եք՝ իրավունք չունեք պաշտոն զբաղեցնել»:
Արցախցի վաստակավոր մարզչի՝ ուրիշներին ուղղված նամակներն անպատասխան են մնացել: Արմենը խմբակը բացել է ընկերների աջակցությամբ: Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում պարապմունքներ անելու իրավունքը արցախցի կարատեի մարզիչը ստացել է Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի միջամտությամբ: Արցախցի երեխաները, սակայն, գույքի եւ մարզահագուստի կարիք ունեն: Ցանկացողները կարող են օգնել դրանք ձեռք բերելու համար:
Երեւանում Արմեն Պետրոսյանի մարզումներին միացել են ոչ միայն ստեփանակերտցի իր նախկին մարզիկները, այլեւ Արցախի այլ շրջաններից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Մարզչի խոսքով՝ դիմողները շատ են: Ստեփանակերտցի Արման Բաբայանը Երեւանում վերսկսել է պարապմունքները, որպեսզի իրագործի զոհված եղբոր ցանկությունը:
«Եղբայրս, որը նույնպես կարատեով էր զբաղվում, զոհվել է բենզինի պահեստի պայթյունի ժամանակ: Ես որոշել եմ շարունակել մարզումներս, որովհետեւ նա միշտ ասում էր, որ պետք է շատ պարապեմ ու աշխարհի չեմպիոն դառնամ: Եթե ես աշխարհի չեմպիոն դառնամ՝ հաղթանակս նվիրելու եմ եղբորս՝ Արթուրին»:
Մանրամասները՝ տեսանյութում: