Թուրք պաշտոնյայի խոսքը ներկայացվել է սխալ թարգմանությամբ

28 Նոյեմբերի 2023, 20:15

Քաղաքականություն

Նոյեմբերի 27-ից տարածվում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի ելույթը՝ սխալ թարգմանությամբ և աղավաղված բովանդակությամբ:

Էրդողանի կուսակցության խոսնակը, ըստ տարածված լուրերի, ասել է, թե Արցախում պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին` որպես F-16 գործարքի պայման:

Իրականում, թուրք-ամերիկյան հակասությունների մասին խոսելիս, թուրք պաշտոնյան նախ ներկայացրել է հատկապես ռազմական գործարքների վերաբերյալ տարաձայնությունները: Դրանք բացահայտ դրսևորվեցին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S400 ՀՕՊ համակարգերը: Օմեր Չելիքը, ինչպես ավելի վաղ ասել է Էրդողանը, բացատրել է, որ Թուրքիան փորձել է ԱՄՆ-ից գնել Patriot տեսակի ՀՕՊ համակարգերը, բայց ստացել է մերժում: Այնպես որ, ռուսական համակարգերը Թուրքիայի այլընտրանքն էին:

Այս հայտարարությունը շարունակելով է Չելիքը նշել, որ Թուրքիայի հետ չի կարելի խոսել շանտաժի լեզվով, նաև Ադրբեջանի և Արցախի ենթատեքստում:

«Թուրքիան մեծ, հզոր դիվանագիտությամբ երկիր է, ոչ թե շանտաժի ենթարկվող: Բայց նրանք ամեն անգամ մի նոր հիմնավորում են գտնում՝ մեզ անվտանգության համար անհրաժեշտ սպառազինությունից զրկելու համար», — ասել է Չելիքը՝ այնուհետև անցնելով հայկական թեմային,-«Այդ Մենենդեսը կա, որ հայկական լոբբիի խոսնակն է, և հիմա կոռուպցիայի և խարդախությունների պատճառով իր քաղաքական կարիերան է ավարտում, Թուրքիայի առաջ մշտապես պայմաններ էր դնում: Երբ Ադրբեջանն իր հողերը՝ Ղարաբաղը վերցնելու համար գործողություն սկսեց, այդ գործողությանը Թուրքիան աջակցում էր: Մեզ ասում էին հրաժարվենք այդ աջակցությունից, այլապես մեզ կզրկեն F-16 և F-35 կործանիչներից»:

Ստացվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն է պահանջել, որ Թուրքիան դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին, այլ ԱՄՆ սենատոր, ապա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

2020 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ այն ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային և Ադրբեջանի զենքի վաճառքն արգելելու վերաբերյալ բանաձևեր է ներկայացրել:

2022 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նոր նախաձեռնություն էր ներկայացրել: Դրանք կարգավորումներ էին ենթադրում 2023թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում», որոնք ԱՄՆ նախագահին զրկում են «907-րդ բանաձևից» հրաժարվելու հնարավորությունից և արգելափակում էր Թուրքիային F-16 կործանիչների ու դրանց արդիականացման համակարգերի վաճառքը։

2022 թվականի հոկտեմբերի 5-ին Մենենդեսն առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16 կործանիչները չպետք է օգտագործվեն Հունաստանի դեմ։