Հայաստանը ֆրանսիական ռազմական գնումներով նոր դարաշրջան է նշում. Intellinews

30 Նոյեմբերի 2023, 20:30

Քաղաքականություն

Հայաստանը ֆրանսիական ռազմական գնումներով նոր դարաշրջան է նշում: Aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Intellinews պարբերականում գրում է արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը։

«Ամիսներ շարունակ շահարկումներից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի աճող պաշտպանական գործընկերությունը վերջապես շոշափելի դարձավ այս ամիս»,-գրում է հեղինակը՝ վկայակոչելով նոյեմբերի 12-ին տարածված տեղեկությունը, որ ֆրանսիական արտադրության Bastion զրահափոխադրիչները Վրաստանով ժամանում են Հայաստան։

«2020-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմում բանակին հասցված հարվածից հետո, Հայաստանի համար սա նշանակալի հանգրվան է։ Երբ ՀՀ-ի ավանդական մատակարար Ռուսաստանը և՛ անկարող էր, և՛ չցանկացավ զենք ուղարկել, Երևանը հուսահատորեն փնտրում էր ռազմական գնումների այլ գործընկերներ: Այժմ, արդեն հաստատելով նաև Հնդկաստանի հետ պաշտպանական գնումների աշխատանքային հարաբերություններ, Հայաստանը հուսով է, որ ֆրանսիական ներկայիս բեռնափոխադրումները երկարատև գործընկերության միայն առաջին քայլն է»,-գրում է հեղինակը։

Ըստ Նիլ Հաուերի՝ զրահատեխնիկայի ժամանումը տեղի է ունեցել երկար բանակցություններից հետո։

«Դա առնվազն մեկ տարվա բանակցությունների արդյունք է, եթե ոչ ավելին», — հեղինակի հետ զրույցում հաստատել է պաշտպանական վերլուծաբան և Երևանի կիրառական քաղաքականության հետազոտական ​​ինստիտուտի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը: «Կարծում եմ՝ գործընթացն ակտիվորեն սկսվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ եղել են բավականին բարձր մակարդակի վրա, և այժմ Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ ավելի լավ հարաբերությունների պայմաններում նման գործարքներն իրատեսական են դարձել», — ասել է Ներսիսյանը։

Հեղինակը նշում է, որ այժմ իրական մտավախություններ կան, որ Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։ «Այս ծանր պայմաններում երկրի զինված ուժերի հզորացումն ունի վճռորոշ նշանակություն», — գրում է նա:

Հիմա եթերում