Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին
05 Դեկտեմբերի 2023, 21:20
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման պատճառները և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ դեկտեմբերի 19-ին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը ներկա գտնվելու մերժումը:
«Այստեղ երկու տարբերակ կա. առաջին տարբերակը Փաշինյանի և Պուտինի, հայկական և ռուսական ղեկավարության միջև դանդաղ ընթացող դիմակայությունն է, որը հաշվարկված է, որ այն կունենա որոշակի մեդիա էֆեկտ։ Այսինքն, տվյալ իրավիճակում, կարծես թե, հայկական ղեկավարության մոտ այժմ ծանր իրավիճակ է, կորցրել է Ղարաբաղը, դե, ընդհանուր առմամբ, մի շարք իմիջային և հեղինակության կորուստներ, որոնք հայկական ղեկավարությունը ձգտում է բարդել ռուսական ղեկավարության վրա։ Ընդ որում, ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից առայժմ հայկական ղեկավարությունը չի շտապում դուրս գալ։
Երկրորդը, հնարավոր է, Ռուսաստանին ինչ-որ քայլերի հրահրելու ցանկությունն է, ինչպես այն, ինչ արդեն արվել էր Վերին Լարսի անցումում, որի շրջանակներում բավականին մանրամասն բուսասանիտարական ստուգում է մտցվել, ինչը դժվարացրել է հայկական ապրանքների սահման հատելը։ Սա արդեն որոշակի մտորումների տեղիք է տվել հայաստանյան մի շարք արտադրողների կողմից, որոնք մտավախություն են հայտնել, որ ռուսական շուկան կորցնելու դեպքում շատ դժվար կլինի փոխարինել այն, նույնիսկ եթե իրենց համար բացեն, ասենք, չինական շուկան։ Պարզապես այն պատճառով, որ հայկական ապրանքները Ռուսաստանում պետք չէ գովազդել։ Հայկական կոնյակը կամ հայկական ծիրանը միշտ էլ բարձր որակի ապրանքներ են, որոնք Ռուսաստանում սիրում են, գիտեն տասնամյակներ շարունակ և անպայման կգնեն։ Այդ իսկ պատճառով, գուցե, ցանկանում են Ռուսաստանին հրահրել լրացուցիչ ինչ-որ նման գործողությունների, որի շրջանակներում կփորձեն այդ ամենը ԶԼՄ-ներում ներկայացնել որպես ոչ բարեկամական գործողություն՝ ևս մեկ անգամ փորձելով մեղքը բարդել Ռուսաստանի վրա։
Բայց իրականում առայժմ այդ դանդաղաշարժ դիմակայությունը կարող է տևել դեռ տարիներ, մինչև այն տրամաբանորեն հասնի այն մակարդակին, որ Հայաստանը դուրս կգա, ասենք, ՀԱՊԿ-ից կամ գուցե ԵԱՏՄ-ից։ Չեմ կարող ասել, թե որքանով է դա իրատեսական, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, իմ կարծիքով, Հայաստանի համար ոչ պակաս, իսկ գուցե նույնիսկ ավելի կարևոր է, քան պաշտպանական ոլորտում համագործակցությունը», — հայտարարել է փորձագետը։
Բնութագրելով հայաստանյան իշխանությունների գործողությունները՝ Բոգդան Բեզպալկոն նրանց գործողություններն առաջին հայացքից մանկամիտ է համարում, բայց ավելի սերտ դիտարկման դեպքում դրանց մեջ ավելի հեռու գնացող բաղադրիչ է տեսնում։
«Սա վարքագիծ է, որը մի փոքր հիշեցնում է երեխայի, ով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա։ Բայց, փորձագիտական լեզվով ասած, սա աշխատանք է, որը նախատեսված է մեդիա ոլորտի համար։ Այստեղ չեն դիտարկվում անվտանգության իրական հարցեր, դրանք չեն շոշափվում, քանի որ դրանք ինչպես գոյություն են ունեցել ՀԱՊԿ շրջանակներում, այդպես էլ մնում են։ Բայց սրանք հարցեր են, որոնք շատ լավ կարելի է ներկայացնել լրատվամիջոցներում, և, համապատասխանաբար, հասնել որոշակի արդյունքի: Դե, օրինակ, Ֆրանսիան ավանդաբար միշտ հետաքրքրվել է Կովկասով և Հայաստանով, քանի որ այնտեղ մեծ է հայկական սփյուռքը։ Գուցե դա, համապատասխանաբար, արտաքին քաղաքական մյուս խաղացողներին հետաքրքրելու փորձ է», — ամփոփել է Բեզպալկոն։