Գավառի երաժշտական դպրոցի աշակերտները՝ կիպրոսյան միջազգային մրցույթի առաջատարներ
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 13 աշակերտներ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոնի, որին ներկայացել են 12 երկրների շուրջ 200 մասնակիցներ: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, երաժշտական դպրոցի աշակերտները հանդես են եկել տարբեր անվանակարգերում և արժանացել մրցանակների։
«Գրան Պրի» մրցանակի են արժանացել դհոլահարների համույթը, դաշնամուրային բաժնի աշակերտներ Աննա Սիրականյանը և Նորիկ Մելքոնյանը, վոկալ բաժնի աշակերտ Հայրապետ Հայրապետյանը, 1-ին կարգի մրցանակի՝ դուդուկի բաժնի աշակերտներ Ալեն Հակոբյանը և Հովհաննես Ասլիկյանը, կլարնետի բաժնի աշակերտ Ավետ Խանձրածյանը, ում նվագակցել է Աննա Սիրականյանը, դուդուկի բաժնի աշակերտ Հովհաննես Ասլիկյանը, կիթառի բաժնի 3-րդ դասարանի աշակերտուհի Լալա Միրիբյանը։
Լավագույն կատարումների համար երկու անվանակարգերում Գրան Պրի և առաջին մրցանակի արժանացած Աննա Սիրականյանը երաժշտական մրցույթ-փառատոնի մասնակցության հրավեր է ստացել միանգամից երկու երկրներից՝ Իտալիայից և Բուլղարիայից, իսկ Գրան Պրի մյուս մրցանակակիր Նորիկ Մելոնյանը՝ Իտալիայից։