Բելգիայում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել
10 Դեկտեմբերի 2023, 11:24
Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքի Հայ Առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ բացվեց եկեղեցուն կից կիրակնօրյա հայկական դպրոց ՝ Վարդապետ Կոմիտասի անունով։
Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լիեժ և Գերարդսբերգեն քաղաքների հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը։
Սրբազանը, դիմելով երեխաներին, նրանց հորդորեց իրենց առջև նպատակներ դնել, որոնց պետք է հասնել՝ նշելով, որ հակառակ դեպքում ապրած օրերն ապարդյուն կանցնեն և կկորեն առանց հետք թողնելու։ «Կյանքի ամենամեծ հարստությունը լավ գործ անելն է ու նպատակ ունենալը, հետևողական կերպով դրան հասնելը։ Անկարելի ոչինչ չկա։ Աստված ձեզ անսահման կարողություններ է տվել, որոնք պետք է օգտագործեք»,- սա էր Սրբազան հոր պատգամը հայ մանուկներին, ովքեր ամեն կիրակի կամավոր հիմունքներով ուսուցչության գործը ստանձնած Անի Կարապետյանի հետ կսովորեն հայերեն գրել, կարդալ և ավելին։
Այս պահի դրությամբ դպրոցն ունի 25 աշակերտ, բայց եկեղեցու Ծխական խորհուրդը վստահ է՝ թիվը գնալով ավելանալու է։ Բելգիայի տարբեր քաղաքներում, որտեղ կա հաստատված հայկական համայնք, գործում են նմանատիպ կիրակնօրյա դպրոցներ, բոլորի առաքելությունը նույնն է՝ հայապահպանություն։