Ղարաբաղից հեռացած յուրաքանչյուր հայ պետք է ունենա անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունք. ԵԽ գլխավոր քարտուղար
14 Դեկտեմբերի 2023, 17:35
Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրներում մարդիկ պետք է օգտվեն բոլոր ազատություններից եւ իրավունքներից, ինչպես նշված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Դա վերաբերում է նաև Ադրբեջանում ապրողներին, ինչպես նաեւ հայերին, որոնք լքել են Ղարաբաղը եւ գտնվում են Հայաստանում կամ այլ տեղ: Այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին:
«Ես դա ասել եմ նաև Ադրբեջանում։ Յուրաքանչյուր ոք, ով լքել է Ղարաբաղը, պետք է ունենա անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունք, իհարկե, եթե մարդը կամավոր որոշել է վերադառնալ։ Եվ այստեղ մենք կարող ենք օգնել: Ես նման օգնություն եմ առաջարկել, և օգնության համար մեզ պետք կգա, որպեսզի երկու երկրները համաձայնեն», — նշել է գլխավոր քարտուղարը՝ խոսելով դեկտեմբերի 8-ին Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի մասին։
Նա տեղեկացրել է, որ դիմել է Հայաստանի իշխանություններին՝ երկիր այցելելու խնդրանքով և հույս ունի մոտ ապագայում հրավեր ստանալ: