Դա իմ անձնական մեկնաբանությունն է, և չի արտահայտում պաշտոնական դիրքորոշում. Վլադիմիր Գրիգորյանը՝ «Արցախը չի լուծարվելու» հարցազրույցի մասին

23 Դեկտեմբերի 2023, 11:50

Քաղաքականություն

Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը  տեղի է տվել տարատեսակ շահարկումների։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

«Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։ Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդականը»,-գրել է Վլադիմիր Գրիգորյանը։

Հարցազրույցում Վլադիմիր Գրիգորյանն ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի և որ հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը չի լուծարվելու։

Վլադիմիր Գրիգորյանի հարցազրույցին արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա:

«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադառնալով սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ նշել է, որ ԼՂ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: