102-րդ բազայի խնդիրը Հարավային Կովկասի անվտանգությունն է. Լեոնիդ Ռեշետնիկով
28 Դեկտեմբերի 2023, 22:00
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայումը կարևոր տարր է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար։
Փորձագետի կարծիքով՝ եթե ռուսական 102-րդ ռազմաբազան հեռանա Հայաստանից, ապա այս տարածաշրջանում ամեն ինչ վերջնականապես կփլուզվի:
«Ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը Հարավային Կովկասի անվտանգությունն է, ինչպես նաև մեր և հայկական շահերի պահպանումն այս տարածաշրջանում: Նախ, մենք չպետք է մոռանանք, որ, այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր հարևանը ՆԱՏՕ-ի երկիրն է, և չնայած անկախ լինելու նրա բոլոր փորձերին այն մնում է ՆԱՏՕ-ի երկիր: Իսկ մենք նախկինի պես Ուկրաինայում կռվում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի դեմ։ Սա շատ կարևոր հարց է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար, քանի որ կա երաշխիք, որ ՆԱՏՕ-ի երկիրը չի խախտի ինքնիշխանությունը։
Հայաստանը դեռ չունի անկախություն, ուստի բազան ամեն դեպքում պետք է մնա: Բացի այդ, Հարավային Կովկասի մյուս ներքին հակամարտություններն, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ կերպ զսպվեն։ Եթե մենք ընդհանրապես հեռանանք, հանենք բազան, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչ վերջնականապես կփլուզվի, որովհետև ուժերի հավասարակշռությունն այսօր շատ փխրուն է, հատկապես Ղարաբաղի պարտությունից հետո», — ասել է նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին, ապա Ռեշետնիկովի կարծիքով, այս իրավիճակում, որում այժմ գտնվում է Հայաստանը, նրան պարզապես չեն ընդունի այդ կազմակերպությունում:
«Հայաստանին հիմա չեն ընդունի ՆԱՏՕ։ Նրանք չեն ընդունում Ուկրաինան, բայց ինչպե՞ս կարող են ընդունել Հայաստանին, երբ Ադրբեջանի հետ հակամարտությունը պահպանվում է, երբ Հայաստանի տարածքում կա ռուսական բազա, համագործակցության ինչ հեռանկարների մասին կարող է խոսք լինել։ Եթե անգամ 102-րդ ռուսական ռազմակայանը չլինի, ես կարծում եմ, որ Հայաստանը նրանց պետք չէ։ ՆԱՏՕ-ի ինչի՞ն են պետք խնդիրները: Դրանք առանց այդ էլ շատ են, դրա համար էլ մերժում են Ուկրաինային, թեև օգնում են, բայց մերժում են ընդունել»,-եզրափակել Է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը։