Նոր գիրք. «Հաջ Ջալալ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ Թեհրանում

25 Մայիսի 2023, 10:35

Հայեր

Մայիսի 18-ին, Թեհրանի Գրքի 34-րդ միջազգային ցուցահանդէսի «Ազգութիւնների դահլիճ»-ում տեղի է ունեցել ժամանակակից պարսկուհի գրող Լէյլա Նազարի Գիլանդէի «Հաջ Ջալալ» յուշագրական գրքի հայերէնի, անգլերէնի եւ արաբերէնի թարգմանւած հատորների շնորհանդէսը՝ պետական պատասխանատուների, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանի եւ Հայաստանից ժամանած գրքի հայերէն օրինակի թարգմանիչ Գէորգ Ասատրեանի եւ գրքի հեղինակի ներկայութեամբ, գրում է Alikonline.ir-ը։

Հեղինակը գրի է առել Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմում երեք անգամ վիրաւորւած եւ քիմիական ռումբի պայթիւնից կոնտուզիա տարած՝ անձնուրաց, առաջին կարգի հաշմանդամ եւ տարիներով մոռացութեան մատնւած՝ Հաջ Ջալալ Հաջիբաբայի-ի յուշերը, ով նոյն պատերազմի ճակատներում կորցրել էր իր որդիներից երկուսին ու երկու փեսաներին ու մի որդին էլ 50%-ով հաշմանդամ է դարձել: Նշելի է, որ գրքի պարսկերէն բնագիրը արդէն հասել է 60-րդ տպագրութեան:

Գէորգ Ասատրեանը ներկայիս աւելի քան քսան անուն պարսկերէն գրքերի թարգմանիչն է, որի թարգմանած գրքերից մի քանիսը Իրանում արժանացել են պետական եւ ոչ-պետական մրցանակների:

Նշենք նաեւ պատկան մարմինների կողմից օրաթերթիս տեղեակ չպահելու պատճառով հայաստանցի շնորհալի թարգմանչի սոյն յաջողութեան լուրը քաղել ենք տեղական լրատւամիջոցներից: