Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ինչպե՞ս է Ալիևը պատրաստվում լրացնել Փաշինյանի քաղաքական դատարկությունը

10 Հունվարի 2024, 19:03

(Strtfor-ը խոստովանեց. Փաշինյանը, հավանաբար, կընդունի Ադրբեջանի պահանջները)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Եթե 2023 թվականը վերլուծենք իշխանությունների քաղաքական խոսույթի տեսանկյունից, ապա Նիկոլ Փաշինյանի համար կարող ենք առանձնացնել մի քանի սկզբունքային թեզեր.

1. Իշխանության համար «կարմիր գիծը» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են, և հետևաբար Հայաստանի տարածքներով արտատարածքային միջանցք չի կարող լինել։

2. Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղության պայմանագիր ունենալ, և այդ նպատակին հասնելու ճանապարհին կարող էր զոհաբերվել նույնիսկ ողջ Արցախը.

3. «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից» հետո մեր խնդրահարույց հարևանների հետ բարդ խնդիրներ այլևս չեն մնա, ինչը կհանգեցնի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ինչն իր հերթին թույլ կտա մեզ զարգացնել տնտեսությունը աննախադեպ տեմպերով։

Սակայն 2023-ի վերջը (Արցախի անկումից հետո և Գրանադայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հռչակագրի ստորագրումից հետո), ինչպես նաև 2024-ի առաջին օրերի իրադարձությունները (Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով միջանցք ստանալ «կալինինգրադյան միջանցքի ձևաչափով», ինչպես նաև Թուրքիայի նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուի հայտարարությունները, թե «Զանգեզուրի միջանցքի նախագիծը պատրաստ կլինի միայն 2028 թվականին») վկայում են, որ Փաշինյանը քաղաքական տեսակետից սնանկ է։

Անգամ Արցախը հանձնելուց ու Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա չստացավ խաղաղության պայմանագիր, որը մտադիր էր օգտագործել ներքաղաքական նպատակներով, ինչպես նաև չստացավ բաց սահման Թուրքիայի հետ։ Հենց դա էլ հանգեցրեց Փաշինյանի քաղաքական դատարկության ձևավորմանը: Այն դատարկությունը, որը Փաշինյանը փորձում է հնարավորինս լրացնել, օրինակ՝ մարզեր այցելելով ու ուսումնական հաստատություններում իրականացվող վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև աղբամանների որակը ստուգելով։

Հասկանալի է, որ սա երկար շարունակվել չի կարող, իսկ մոնոներկայացումները չեն կարող անվերջ տևել, այլ կերպ ասած՝ քաղաքական դատարկությունը պետք է լրացնել քաղաքական օրակարգով։ Իսկ քանի որ Փաշինյանը դա չի կարող անել, արտաքին քաղաքական դերակատարները կփորձեն դա անել նրա փոխարեն, ինչպես 2024 թվականի իր կանխատեսման մեջ շատ մանրամասն գրել է «Ամերիկյան ստվերային ԿՀՎ»-ն, այսինքն՝ Sfratfor գործակալությունը։

Stratfor-ի վերլուծության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Երևանը, հավանաբար, կընդունի Բաքվի կողմից առաջադրված պահանջները Հայաստանի հարավով տարանցման և սահմանների սահմանազատման խնդիրների վերաբերյալ։ Եթե «վերծանենք» այս ձևակերպումը, ապա կհասկանանք, որ ամերիկյան կանխատեսումների համաձայն՝ Փաշինյանը, որը հայտարարում է, թե «միջանցքը երբեք չի անցնի Հայաստանով», ստիպված կլինի 2024 թվականին այն հանձնել Ադրբեջանին, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ժամանակ զիջել Բաքվին նոր տարածքներ։

Ավելին, տարեվերջին մենք քննարկեցինք այն հարցը, որ 2023 թվականին ստանալով Արցախը, 2024 թվականին Իլհամ Ալիևը պատրաստվում է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների գնալ նոր քաղաքական նախագծով, որի կենտրոնում արդեն Հայաստանն է, և փաստորեն նույն ամերիկացի վերլուծաբանները կիսում են նաև այս միտքը:

Այսպիսով, Stratfor-ի 2024 թվականի նույն կանխատեսումն ասում է, որ փետրվարի 7-ին նախագահ վերընտրվելուց հետո Ալիևը կշարունակի զարգացնել ռազմական կարողությունները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ հնարավոր ներխուժմանը նախապատրաստվելու և բանակցություններում լծակներ ձեռք բերելու համար։ Stratfor-ը նույնիսկ նշում է հնարավոր ժամանակահատվածը, երբ դա կարող է տեղի ունենալ՝ 2024 թվականի երկրորդ կեսը:

Ահա թե ինչպես է Ալիևը ծրագրում լրացնել Փաշինյանի քաղաքական դատարկությունը:

Վերադառնալով 2023-ին Փաշինյանի հիմնական թեզերի տապալմանը, պետք է ասել ևս մեկ բան՝ իրականությունն ապացուցեց, որ Փաշինյանի գլխավորած պետությունը չի կատարում իր հիմնական գործառույթը՝ չի պաշտպանում իր քաղաքացիներին և իր տարածքային ամբողջականությունը։

Ավելին, պետությունը մսխեց անվտանգության իր պաշարը՝ Արցախը հանձնեց Ադրբեջանին, իր սահմաններին մոտեցնելով հակառակորդի զինտեխնիկան, անձնակազմն ու ենթակառուցվածքները։ Նման պայմաններում առնվազն աշխարհաքաղաքական հիմարություն էր հավատալը, որ քո պետության թշնամիները, որոնք Շուշիի հռչակագրում պահանջներ են հաստատել քո տարածքի և ինքնիշխանության վերաբերյալ, կբացեն քեզ հետ սահմանները և թույլ կտան հարկեր և տուրքեր հավաքել տարանցման համար։

Այստեղ նույնիսկ գաղափարական և փիլիսոփայական հարց է առաջանում՝ եթե Փաշինյանի գլխավորած պետությունը չի կատարում իր հիմնական գործառույթները, ապա ինչո՞ւ պետք է այն իրավունք ունենա հարկեր հավաքել։

Փաշինյանը միգուցե չի հասկացել և չի էլ հասկանում այս պարզ ճշմարտությունը, ինչը հանգեցրեց նրան, որ նա մնաց տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս՝ վտանգի տակ դնելով Հայաստանի ամբողջականությունը…

Մտածեք այս ամենի մասին…