Թբիլիսիում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված գիտաժողով
12 Հունվարի 2024, 11:18
Իլիայի պետական համալսարանի (ԻՊՀ) բարձրագույն հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով: Ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», այն կանցկացվի 2024 թվականի հունվարի 16-18-ը:
«Սահմանները հատելը և կարմիր գծերը հատելը Սերգեյ Փարաջանովի կյանքի և արվեստի ընդհանուր բնութագիրն է։ Ինքն էլ եղել է տարբեր ինքնությունների և պատկանելությունների խաչմերուկում՝ Թբիլիսիում ծնված ազգությամբ հայ, որն իր առաջին խոշոր ֆիլմը նկարահանել է Ուկրաինայում՝ ուկրաինական բանահյուսության մոտիվներով: Նրա մյուս երեք կարևոր լիամետրաժ ֆիլմերից մեկը նվիրված է թբիլիսահայ բանաստեղծ Սայաթ-Նովային, երկրորդը վրացական գրական լեգենդի եզակի էկրանավորումն է, իսկ երրորդը թուրքական լեգենդի վերաիմաստավորումն է», — նշված է տեղեկության մեջ, որը տարածել է ԻՊՀ բարձրագույն հետազոտությունների կենտրոնը։
Աշխատանքային լեզուներն են վրացերենը և անգլերենը։ Ցանկացողների համար մուտքն ազատ է։