Արցախի պայքարից հրաժարվող բոլոր պաշտոնյաները համարվելու են դասալիքներ․ Նարե Սիմոնյան
13 Հունվարի 2024, 15:43
Եթե մարդկանց պետք էր որոշ ժամանակ վերականգնվելու համար, քանի որ ցեղասպանության միջով են անցել, ապա գոնե քաղաքական էլիտան պետք է առաջինը ոտքի կանգներ և փորձեր կազմակերպել ժողովրդին։ Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ համահիմնադիր Նարե Սիմոնյանը։
«Եթե մենք արցախյան ոչ ֆորմալ էլիտայից կարող ենք ունենալ սպասելիքներ և դրանք չեն արդարացվի, ապա մենք կդադարենք ունենալ արցախյան էլիտա։ Բայց ֆորմալ առումով այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ ամենի համար՝ դա կլինի նախագահի ինստիտուտը, Ազգային ժողովի ինստիտուտը, թե այլ ինստիտուտ, որը գործում է, այս դեպքում իրենց գործունեությունը չշարունակելը դասալքություն է։ Ժամանակին երբ պետական պաշտոն էր ստանձնում մարդը, պետք է հասկանար, որ դա նշանակում է ոչ միայն օգտվել ռեսուրսներից, այլև անհրաժեշտության դեպքում ծառայություններ մատուցել Արցախի Հանրապետությանը»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է՝ Արցախի պաշտոնյաները ոչ միայն պետք է օգտվեն այն ռեսուրսներից, որը տալիս է պաշտոնը, այլև պետք է ծառայություններ մատուցեն՝ ի շահ իրենց հայրենիքի։
«Հիմա Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի տարբեր պատգամավորներ հաստատ ունեն հարազատ մարդիկ, ընկերներ, որոնց կորցրել են այս պատերազմում, այդ զոհերին մենք չենք կարող դասալիք կոչել։ Նույնը չեմ կարող ասել Արցախի այն պաշտոնյաների մասին, որոնք կորոշեն այս դժվար իրավիճակում հետ կանգնել Արցախի համար պայքարից։ Նրանք ոչ թե դադարելու են համարվել պաշտոնյա, այլ համարվելու են դասալիք, տվյալ անձը համարվելու է մարդ, ով ցանկանում է օգտվել այն ռեսուրսներից, որը տալիս է պաշտոնը, բայց այն ժամանակ, երբ պետք է ծառայություններ մատուցի ի շահ երկրին, հրաժարվում է։ Նման մարդիկ դասալիքներ են»,- եզրափակել է Սիմոնյանը։