Մենք Գերմանիայում բարձրացնելու ենք Բաքվում պահվող Արցախի ղեկավարների հարցը․ Ջոնաթան Զպանկենբերգ
15 Հունվարի 2024, 22:37
Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Զպանկենբերգը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ Արցախի շրջափակման օրերին հանդիպել են Եվրամիության ներկայացուցիչների հետ, իրենց հուզող հարցերը բարձրաձայնել։
««Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակը ստեղծվել է անցած տարի։ Երբ Արցախը լիովին շրջափակման մեջ էր, Եվրոպայի տարբեր երկրների ներկայացուցիչներս հանդիպում ենք ունեցել Եվրամիության օրենսդրական մարմինների հետ։ Այնտեղ մեր մտահոգություններն ենք ներկայացրել ։ Այս ուղղությամբ է այս հարթակը ստեղծվել, մեծ ցույց է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ին։ Մենք մշտական համագործակցության մեջ ենք այս 15 երկրների ներկայացուցիչների հետ»,- նշել է մեր զրուցակիցը։
Նրա տեղեկացմամբ՝ մոտ օրերս եվրոպական տարբեր քաղաքներում ակցիաներ են լինելու։
«Հունվարի 27-28-ին եվրոպական տարբեր քաղաքներում ակցիաներ կանցկացվեն։ Գերմանիայում մասնավոր մեծ ցույցեր չունենք, որքանով այս պահին տեղյակ եմ, եկեղեցիներում պատարագներ կլինեն։ Մեր հիմնական հարցերը պիտի բարձրացնենք, պիտի խոսենք՝ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, գերիներ, որ 2020թ․ պատերազմից հետո են այնտեղ հայտնվել, նաև Արցախի ռազմաքաղաքական գործիչներին։ Այս հարցը մենք եվրոպական միացյալ ձայնով պետք է շարունակենք բարձրաձայնել, նաև ավելի բարձր օղակներով։ Մենք նաև մտածում ենք բոլոր պատգամավորների մոտ այս հարցը բարձրացնել»,- ասել է Ջոնաթան Զպանկենբերգը։
Նա նշել է, որ իրենց գործողությունները ցույցերի բնույթ չեն ունենալու։
«Տարբեր քաղաքներում փոքր միջոցառումներ են լինելու, ու մենք մեր մասնակցությունն ենք բերելու դրանց։ Եվրոպական ամեն երկիր ունի իր հատկությունները, մեծ ցույցերի բնույթ պիտի չունենա այս ամենը, բայց կարևոր է մասնակցությունը և մեր ձայնը բարձրացնելը միասնական ձևով՝ եվրոպական մակարդակով։ Սա է կարևորը, արդեն աշխատանքներ են տարվում այդ հարթակի շուրջ՝ եվրոպացիներ հանուն Արցախի։ Պետք է կազմակերպվենք և մեր ձայնը էլ ավելի բարձրացնենք»,- եզրափակել է Ջոնաթան Զպանկենբերգը։