Ալեքսանդր Գրիբոյեդով․ հայ ժողովրդի մեծ բարեկամը

15 Հունվարի 2024, 23:09

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ալեքսանդր Գրիբոյեդովը սերում էր հնագույն ազնվական ընտանիքից։ Նրա նախահայր Յան Գրժիբովսկին (լեհերեն Jan Grzybowski ) տասնյոթերորդ դարի սկզբում Լեհաստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Հեղինակի ազգանունը՝ Գրիբոյեդով, Գրժիբովսկի ազգանվան յուրօրինակ թարգմանությունն է։

Գրիբոյեդովը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մոսկվայում։ Երազելով որդու փայլուն կարիերայի մասին՝ Գրիբոյեդովի մայրը նրան գերազանց կրթության է տվել՝ սկզբում օտարերկրյա մանկավարժների ղեկավարությամբ, իսկ հետո 1806 թվականին Գրիբոյեդովն ընդունվել է Մոսկվայի համալսարան։

Ալեքսանդր Սերգեևիչը իր ժամանակի ամենակիրթ մարդկանցից էր։ Նա գերազանց տիրապետում էր եվրոպական լեզուներին, իսկ հետագայում նաև արևելյան լեզուներին։ Բացի այդ, Գրիբոեդովը նշանավոր գրող էր, «Խելքից պատուհասը» գլուխգործոցի հեղինակը, բանաստեղծ և դրամատուրգ, հիանալի դաշնակահար և կոմպոզիտոր, տաղանդավոր դիվանագետ և արևելագետ:

Առաջին անգամ Հայաստան է այցելել 1819 թվականին՝ Թեհրանում ռուսական առաքելության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Նրան հաջողվել է այցելել Էջմիածին, լինել Մատենադարանում, ուսումնասիրել պատմական հուշարձանները։ Հայաստանն իր գեղեցկությամբ անջնջելի տպավորություն է թողել նրա վրա, բայց ամենից շատ տպավորել է վեհաշուք Արարատը։

Ալեքսանդր Սերգեևիչը դարձել է հայ ժողովրդի մեծ բարեկամը և կենսական դեր խաղացել Պարսկաստանից Արևելյան Հայաստան 40 հազար հայերի հայրենադարձության գործում։ Միջազգային պայմանագրերից ոչ մեկն այնքան մեծ նշանակություն չուներ ողջ հայ ժողովրդի ճակատագրի համար, որքան Թուրքմանչայի պայմանագիրը։

Իսկ այն ժամանակվա ռուս մյուս գործիչներից ոչ մեկն այնքան հսկայական ներդրում չի ունեցել հայության ազատագրման գործում, որքան Ալեքսանդր Գրիբոյեդովը։

1829 թվականի փետրվարի 11-ին, երբ պարսիկների զայրացած ամբոխը ներխուժել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատուն, դիվանագիտական առաքելության անձնակազմը, չնայած հարձակվողների բազմակի գերազանցությանը, սկսել է պայքարը: Կազակների կողքին կռվելով զոհվել է նաև Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Գրիբոյեդովի մահը մեծ կորուստ ու վիշտ էր ողջ հայ ժողովրդի համար։