Իրանցիները բարձրացրել են կարմիր «վրեժի դրոշը». Կիրիլ Սեմյոնով
16 Հունվարի 2024, 21:20
Մերձավորարևելյան հակամարտությունների փորձագետ Կիրիլ Սեմյոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի հարվածները իրաքյան Էրբիլում ԱՄՆ ռազմաբազային և օդանավակայանին:
Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ին ոչ մի վնաս չի հասցվել, հարվածներ են հասցվել ինչ-որ օբյեկտների, որոնք Իրանի տեսանկյունից օգտագործում են ահաբեկիչներ նախապատրաստելու համար:
«Այդ հարվածները հասցվել են ի պատասխան Քերմանի ահաբեկչության։ Իրանցիները վաղուց ասում էին, որ իրենք կարմիր «վրեժի դրոշ» են բարձրացրել, ուստի բնական է, որ նրանք պատրաստվում էին ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ վրեժխնդրությունն իրագործելու համար, և ահա նրանք որոշեցին այդպես գործել: Բայց ինչպես ես հասկանում եմ, Միացյալ Նահանգներին ոչ մի վնաս չի հասցվել, հարվածներ են հասցվել ինչ-որ օբյեկտների, որոնք Իրանի տեսանկյունից օգտագործում են ահաբեկիչներ պատրաստելու կամ Իրանին հարվածներ հասցնելու համար, բայց թե որքանով են այդ օբյեկտները կապված ԱՄՆ-ի հետ, անհասկանալի է։
Ոչ մի ամերիկացի չի զոհվել, իսկ ԱՄՆ հյուպատոսության վրա հարվածելու մասին պնդումները չեն հաստատվել, ուստի մենք տեսնում ենք, որ Իրանի կողմից ոչնչացված ամենանշանակալից օբյեկտը տեղի հարուստ քուրդ մագնատի տունն է, ուստի ես չեմ կարծում, որ դա կհանգեցնի Միացյալ Նահանգների կողմից ինչ-որ էսկալացիայի կամ պատասխան գործողությունների, քանի որ ԱՄՆ-ն, ըստ էության, ոչ մի կերպ չի տուժել»,- ասել է Սեմյոնովը։