Արցախահայությունը պիտի որոշի, թե ինչ կարգավիճակով կուզի ապրել Արցախում․ Նուբար Վարդանյան

22 Հունվարի 2024, 23:18

Քաղաքականություն

Հոլանդահայերի նպատակը Եվրոպային ցույց տալն է, որ հայությունը չի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության Հոլանդիայի ներկայացուցիչ Նուբար Վարդանյանը։

«Հոլանդիան միացել է «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժմանն անցած սեպտեմբերին։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի համար մեծ աշխատանքներ տարվեցին, որպեսզի հարյուր հազարանոց ցույց կազմակերպվեր Եվրոպայի մայրաքաղաքում՝ Բրյուսելում։ Նպատակը ճնշում գործադրելն էր, եվրոպացիներին ցույց տալը, որ հայությունը չի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, պատրաստ է պայքարել ու իր ձայնը բարձրացնել և պահանջում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանվեն»,- ասել է Նուբար Վարդանյանը։

Նա նկատել է, որ իրենց պայքարը այլ բանի մասին է, իսկ ՀՀ իշխանությունների հայտարարությունները ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը եվրոպացիների մոտ տարակարծություններ են առաջացնում։

«Մեզ միշտ հարցրել են՝ եթե Հայաստանի իշխանությունները համաձայն են և ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, ուրեմն դուք ինչի եք այլ պահանջներ դնում։ Մենք փորձել ենք բացատրել , որ եթե ՀՀ իշխանությունները այդպես են արտահայտվում, դա չի արտացոլում հայության ու հայ ժողովրդի տեսակետը։ Քննարկումներ են տեղի ունեցել ու հանգել ենք մի կարևոր որոշման․ Հոլանդիան ևս պետք է մաս կազմի այս հարթակի։ Ի պատիվ մեր հայրենակիցների՝ շատ մեծ, հաջող ցույց կազմակերպվեց հոկտեմբերին, հազարավոր մարդիկ մասնակցեցին։ Որոշվեց, որ աշխատանքը պիտի շարունակվի, որովհետև մենք չենք համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և նրան, որ Արցախը վերջնական կորցրել ենք։ Եթե այսօր տպավորություն կա, որ հայությունը հոգնած է ու չի շարունակում պայքարը, այստեղ և այս աշխատանքները ճիշտ հակառակն են ցույց տալիս»,- ընդգել է մեր զրուցակիցը։

Վարդանյանը նաև շեշտել է՝ արցախցիները պիտի որոշեն,թե ինչ կարգավիճակով կուզեն ապրել Արցախում։

«Օրեր առաջ Ֆրանսիայի Սենատի բանաձև ընդունեց, որում շատ կարևոր կետերի մասին անդրադարձ կար։ Արցախահայությունը պիտի վերադառնա Արցախ։ Մենք համաձայն ենք այս տեսակետին, մեր նպատակն է, որ արցախցին իրավունք ունենա վերադառնալու Արցախ, արցախահայությունը ինքը պիտի որոշի, թե ինչ ձևաչափով ու կարգավիճակով կուզի ապրել Արցախում։ Մենք հավատում ենք այս պայքարին և Արցախի ժողովրդի վերադարձին։ Առանց աշխատանքի ոչ մի բան չի ստացվի։ Մենք տարբեր քննարկումներ ենք ունենում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, Հոլանդիայի պատգամավորների հետ և իրավիճակը բացատրելուց հետո տեսնում ենք փոփոխություններ իրենց տեսակետներում։

Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ պատգամավորներից մեկը սկսեց բարձրաձայնել, որ Եվրամիությունը պետք է վերանայի Ադրբեջանի հետ գազի պայմանագիրը, որովհետև եթե Ադրբեջանը չի հարգել փոքրամասնությունների և այլ ժողովուրդների իրավունքները, Հայաստանի ինքնիշխանությունը, ուրեմն Եվրոպան չպիտի առևտրի մեջ մտնի Ադրբեջանի հետ։ Նման ձևակերպումներն ու քննարկումները կարևոր են մեզ համար»,- եզրափակել է Նուբար Վարդանյանը։