ԵԽԽՎ-ն այլևս չի կարող հանդուրժել Ադրբեջանի պահվածքը. Փոլ Գավան

25 Հունվարի 2024, 20:30

Կարծիք | Քաղաքականություն

«ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և ես կարծում եմ, որ դա կարևոր պահ է»,- Alpha News-ին ասել է Իռլանդիայից ԵԽԽՎ պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի հեղինակ, սենատոր Փոլ Գավանը:

«Ես կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենար, քանի որ (ադրբեջանական) պատվիրակությունը լիակատար անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավակարգի հարցերում Եվրոպայի Խորհրդի հիմնարար սկզբունքների նկատմամբ», — նշել է նա:

Սենատորի խոսքով՝ Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ համագործակցությունից՝ իր կողմից իրավիճակի ուսումնասիրման գործընթացում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ զեկույցներ պատրաստելիս:

«Երկրորդ բանաձևով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ, ընդհանրապես որևէ համագործակցություն չի եղել։ Այսպես այլևս չէր կարող շարունակվել, բոլոր հիմնական քաղաքական խմբերը, բացի ծայրահեղ աջերից, այսօր համաձայնել են, որ իր լիազորությունների վավերացմանն Ադրբեջանը չի սպասի այս տարի: Գործնականում դա նշանակում է, որ ադրբեջանական պատվիրակությունն այս տարի ներկա չի լինի ԵԽԽՎ նստաշրջաններին, այսինքն՝ 4 անգամ»,- հավելել է նա։

Ըստ Գավանի՝ Ադրբեջանը կմնա Եվրոպայի խորհրդի և Նախարարների կոմիտեի անդամ երկիր, բայց կարծում է, որ այս որոշումը հստակ ազդանշան է ուղարկում, որ այլևս չեն կարող հանդուրժել նրանց պահվածքը։

«Որպես մարդ, որը նախազգուշացնում էր այն մասին, թե ինչ բարդություններ են առաջացել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով, ինչպես նաև էթնիկ զտումների հնարավորության մասին, որը, ցավոք, մենք տեսանք անցյալ տարի, դա նվազագույնն է, ինչ կարող է անել այս վեհաժողովն ի պատասխան», — ասել է նա։

Խոսելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հայտարարության մասին, որում նա ԵԽԽՎ պատգամավորներին մեղադրել է դավադրության և քաղաքական կոռուպցիայի մեջ, Գավանը նշել է, որ Սեիդովը հայտնի է իր «շռայլ հայտարարություններով»:

«Առաջին անգամ չէ, որ նա բազմաթիվ անհիմն հայտարարություններ է արել, ինչ-որ դավադրություն է ենթադրել իր երկրի դեմ, ինչը հեռու է ճշմարտությունից։ Այն, ինչ նա չարեց իր 5 րոպեի ելույթի ընթացքում, հետևյալն է՝ անդրադառնալ այս բանաձևում բարձրացված ցանկացած խնդրի, այն առաջարկությունների չկատարմանը, որոնք տասնյակ անգամ առաջարկվել են նրա կողմից երկրում մարդու իրավունքների իրավիճակը շտկելու, քաղբանտարկյալների, մարդկանց անհետացման, ժողովրդավարության հանդուգն չարաշահման, քաղաքացիական բողոքի ճնշման, ատելության խոսքի վերաբերյալ, և ես կարող եմ շարունակել այս ցուցակը: Եվ նա (խմբ. Սեիդով) չանդրադարձավ որևէ խնդրի: Սա խոսում է այն մասին, որ պարզապես պատասխաններ չունեն։

Հուսով եմ, որ եթե նրանք երբևէ վերադառնան այս Վեհաժողով, նրանց չեն ընդունի այնքան ժամանակ, քանի դեռ չունենան այս բոլոր խնդիրների պատասխանները և հարգանք օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ: Մենք բոլորս պետք է ստորագրենք դրա տակ», — եզրափակել է նա։