Եթե առարկան վերանվանեն «Հայաստանի պատմություն», բաց կթողնենք Կիլիկիայի թագավորության փառահեղ պատմությունը․ Աշոտ Մելքոնյան
26 Հունվարի 2024, 22:42
Խորհրդային տարիներին դպրոցներում կար «Հայ ժողովրդի պատմությունը» առարկան, ինչը, բնականաբար, այլևս չէր կարող համապատասխանել անկախ Հայաստանի պահանջներին, ուստի պետք էր այդ տերմինը փոխել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
«Խորհրդային տարիներին, երբ կար «Հայ ժողովրդի պատմություն», բնականաբար, այն այլևս չէր կարող համապատասխանել նոր, անկախ Հայաստանի պահանջներին։ Պետք էր այդ տերմինը փոխել, առավել ևս, որ մենք ունեինք դրա ավանդական տարբերակը՝ «Հայոց պատմություն»-ը, որ գալիս է Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Բուզանդից, Փարպեցուց մինչև Միքայել Չամչյան՝ 18-րդ դար։
1990-ականների սկսզբներին բանավեճի արդյունքում գիտնականների բացարձակ մեծամասնությունը եկան այն եզրակացության, որ ճիշտ տարբերակը ավանդական «Հայոց պատմություն» տարբերակի գործածությունն է՝ նախկին «Հայ ժողովրդի պատմության» փոխարեն։ Ինչո՞ւ․ «Հայ ժողովրդի պատմություն» տարբերակում խորհրդային իշխանությունը փորձում էր կարևորել ժողովրդի տեղն ու դերը պատմության մեջ ու ընդգծում էր ժողովրդի հանգամանքը, որը, բնականաբար, անընդունելի էր հետխորհրդային տարիներին։ Եւ մեր ժամանակի ճանաչված գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Հրանտ Ավետիսյանը, Գագիկ Սարգսյանը եկան այն եզրակացության, որ ճիշտ տարբերակը «Հայոց պատմությունն» է»,- ասել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ գրաբարով, երբ գործածության մեջ մտավ «հայոց պատմություն» արտահայտությունը, դա ամենեևին չէր նշանակում հայերի պատմություն, ինչպես այսօր ընկալում են հայոց լեզվի պարագայում։
«Հայոց լեզու ասելով՝ հասկանում են հայերի լեզու կամ հայ ժողովրդի լեզու։ Այնինչ, 5-րդ դարում հայոց ասելով հասկացվում էր հայկական պետականության պատմություն, որովհետև պատմականորեն Մեծ Հայքի թագավորությունից զատ գոյություն ուներ նաև Փոքր Հայքի թագավորությունը։ Եւ հայ պատմիչներին մշտապես հետաքրքրում էր այդ երկու Հայքերի պատմությունը։ Այսինքն, հայոց պատմություն նշանակում էր Հայքերի պատմություն»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Աշոտ Մելքոնյանը նաև նշել է, որ եթե այսօր առարկայի անունը դարձնեն «Հայաստանի պատմություն», այն չի ներառի Կիլիկիայի թագավորության պատմությունը։
«Գրաբարի սեռական հոլովում ք-ն սղվում է ու հոգնակիում դառնում է հայոց։ «Հայոց պատմություն» նշանակում է Հայքերի պատմություն, երկու Հայաստանների պատմություն։ Իսկ «Հայաստանի պատմություն» գրելիս մենք այլևս չենք կարող անդրադառնալ Կիլիկիային, որովհետև Կիլիկիան պատմական Մեծ և Փոքր Հայքերի տարածքներից դուրս է, ճիշտ է, դարձյալ Կիլիկյան Հայաստան տերմինը գործածում ենք, բայց բոլոր դեպքերում Կիլիկիան մեր հայկական լեռնաշխարհի մաս չի կազմում ու Հայաստանի պատմություն գրելով՝մենք դուրս կթողնենք ամբողջ Կիլիկիայի հայոց պետականության փառահեղ պատմությունը»,- ցավով նկատել է Աշոտ Մելքոնյանը։