Հայաստանը ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ցանկացած հարթակում․ Դմիտրի Սուսլով

26 Հունվարի 2024, 23:21

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և նշել, որ այս փուլում երկու լուրջ խոչընդոտ կա։

«Ինձ թվում է, որ մոտ ժամանակներս դժվար թե այդ պայմանագիրը ստորագրվի, բայց հեռանկարում լուրջ նախադրյալներ կան այդ գործընթացն ավարտելու համար։ Այսօրվա դրությամբ կա երկու հիմնական խոչընդոտ. Առաջինն այն է, թե որտեղ պետք է ստորագրվի այդ պայմանագիրը, քանի որ Հայաստանը ձգտում է այն ստորագրել արևմտյան որևէ հարթակում՝ ինի դա Բրյուսելում, թե Վաշինգտոնում։ Եվ այնպես անել, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Եվրամիության կամ Միացյալ Նահանգների հովանու ներքո։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Ռուսաստանը կարծում են, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի Մոսկվայում, և Սերգեյ Լավրովն այդ մասին հայտարարել է համեմատաբար վերջերս՝ ընդգծելով, որ հենց ռուսական տարածքում է սկսվել ԼՂ հակամարտության կարգավորումը դեռևս 2020 թվականի նոյեմբերին՝ նկատի ունենալով նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագիրը։ Սա մի խոչընդոտ է, որը հեշտ չի լինի հաղթահարել, քանի որ Հայաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականության ընդհանուր վերակողմնորոշումը դեպի Արևմուտք:

Երկրորդ խոչընդոտը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և սա նույնպես բավականին լուրջ խոչընդոտ է, և ես դրա լուծման հեռանկար չեմ տեսնում առաջիկա օրերին կամ շաբաթներին։ Երևանի և Բաքվի միջև շատ լուրջ տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե ինչ պայմաններով պետք է անցնեն այդ տրանսպորտային հաղորդակցությունները Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով, և ով է ապահովելու այդ հաղորդակցությունների անվտանգությունը ։

Ռուսաստանը շարժվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստով, իսկ Հայաստանն առաջարկում է ինչ-որ նոր տարբերակ, բայց դա ձեռնտու չէ Ադրբեջանին։ Քանի դեռ այդ երկու հարցերը չեն կարգավորվել, իսկ ես չեմ կարծում, որ դրանք կկարգավորվեն ամենամոտ ժամանակներս, պայմանագրի ստորագրման մասին դեռ պետք չէ խոսել», — նշել Է Դմիտրի Սուսլովը։