Հայաստանն ուզում է ցույց տալ՝ ունի վատ հարաբերություններ միայն ՌԴ-ի հետ, ոչ թե ՀԱՊԿ-ի այլ երկրների հետ․ Անդրանիկ Հովհաննիսյան

29 Հունվարի 2024, 23:46

Կարծիք | Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները հրապարակավ ցույց են տալիս, որ իրենց հարաբերությունները լարված են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց լարված չեն ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ։ Alpha News-ի ուղիղ եթերում այսպիսի կարծիք է հայտնել արևելագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Հայաստանն այսօր ՀԱՊԿ շրջանակներում չի գործում, կոպիտ ասած՝ սառեցրել է իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, բայց, այնուամենայնվ, փորձում է շարունակել իր ռազմաքաղաքական, այդ թվում՝ ռազմատեխնիկական հարաբերությունները ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում, այսինքն՝ այս տարվա ընթացքում կարող են նմանատիպ այցեր լինել նաև Տաջիկստան, Ղրղզստան, ՀԱՊԿ անդամ այլ պետություններ։ Սրանով ՀՀ իշխանությունները հրապարակավ ցույց են տալիս, որ իրենց հարաբերությունները լարված են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց լարված չեն ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցը նշել է, որ Հայաստանը նույնիսկ հնարավոր է՝ ինչ-որ տեխնիկա գնի ՀԱՊԿ անդամ պետություններից։

«ՀԱՊԿ շրջանակներից դուրս՝ Հայաստանը փորձում է շարունակել զարգացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, բացառապես Ռուսաստանի, այդ թվում՝ ստորագրել տարբեր տեսակի պայմանագրեր ռազմական ոլորտում։ Չի բացառվում, որ ՀԱՊԿ ապետություններից կարող են տեխնիկա գնել, զուգահեռ միջոցառումներ անպայման կանցկացվեն 2024-ի ընթացքում։ Կարևոր է նշել, որ Ղազախստանն այսօր անդամակցում է թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը ու ունի բարիդրացիական, սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Մենք տեսնում ենք, որ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետությանը չի հաջողվում եվրոպական դաշտում շարունակել կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ։

Նաև Հայաստանը չի կարող իր կարգավորման գործընթացը Ռուսաստանի Դաշնությունում սկսել, որովհետև կախվածություն ունի Արևմուտքից ու չի կարող ուղղակի Ռուսաստանում շարունակել այդ հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ, դրա համար գուցե նաև Հայաստանի իշխանությունները կարծես թե այսպիսի խորամանկություն են ցուցաբերում ու փորձում են Ղազախստանի դաշտը օգտագործել, ինչը կնպաստի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսվի ու դրական արդյունքի հասնի»,- ասել է միջազգայնագետը։

Հովհաննիսյանը չի կարծում, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է չեզոք լինել։

«Չեմ կարծում, որ Ղազախստանն այն պետությունն է, որը կարող է շատ ավելի անկախ գործել, անկախ Եվրամիությունից, Ռուսաստանից, որովհետև այս կամ այն կախվածությունն ունի այդ պետություններից, դրա համար չեմ կարծում, որ Հայաստանին կհաջողվի Ղազախստանի միջոցով Ադրբեջանի հետ կարգավորել երկկողմանի հարաբերությունները»,- եզրափակել է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հիմա եթերում