Լեհաստանի և Գերմանիայի միջև չհարձակման պայմանագրից հետո Լեհաստանն անհետացավ աշխարհի քարտեզներից. Անատոլի Մատվիյչուկ
30 Հունվարի 2024, 21:45
Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «անվտանգության հարաբերությունների դիվերսիֆիկացման», ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր չհարձակման պայմանագրի վերաբերյալ։
«Ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե Հայաստանի տարածքը չէր, այն Ադրբեջանի կազմում էր։ 20 տարի առաջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից ելնելով, դա մի տեսակ չեզոք տարածք էր, որն անցավ Ադրբեջանին։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարություն է արել այն մասին, որ Հայաստանը իբր հույսը դրել է Ռուսաստանի անվտանգության վրա, որն իրեն օգնության չի հասել, ուստի նոր ուժեր ու կողմեր է փնտրում։
Սկսվեց սիրախաղը ՆԱՏՕ-ի կազմակերպության հետ և սկսվեց շատ սերտ փոխգործակցությունը Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Հայկական բանակի օրվա կապակցությամբ ՆԱՏՕ-ի հրամանատարությունից շնորհավորանքներ եղան, որոնք վկայում էին այն մասին, որ հարաբերություններն ակտիվանում են, և իբր Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ից անվտանգության հույս ունենալ: Ֆրանսիացիները նման ծավալուն նամակ են ուղարկել, որում ասվում է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը շատ մտահոգված է Հայաստանում իր անվտանգության վիճակով, կօգնի իրենց։ Ուստի, կարծում եմ, Փաշինյանը նման հայտարարություն արեց, որպեսզի անսպասելի չլիներ։ Նախ՝ դաշնակցի, երկրորդ՝ հանրապետության բնակչության համար այդ դիվերսիֆիկացիան փոխում է (աշխարհաքաղաքական) վեկտորը։ Վեկտորը փոխվում է ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Արևմուտք»,- կարծում է փորձագետը։
Մատվիյչուկը Ադրբեջանի հետ որևէ պայմանագրեր կնքելու պատճառ չի տեսնում, քանի որ իրականում պատերազմ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Իրականում չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչ հաշտության պայմանագիր է ստորագրելու Ադրբեջանի հետ, նրանք պատերազմական վիճակում չեն եղել, դե յուրե պատերազմ չի եղել, դրանք եղել են սահմանային բախումներ վիճելի տարածքի վրա։ Եթե սա Ադրբեջանն է, ապա այս ամենը ներքին հակամարտություն է, ժանդարմի գործողությունն իրականացվել է ապստամբ հանրապետությունը որոշակի վիճակի բերելու համար, եթե Հայաստանը ճանաչեր գոնե Ղարաբաղի անկախությունը, ապա սա կլիներ կազուս բելլի (casus belli)՝ պատերազմի պատճառ, և մենք այժմ կարող էինք խոսել որոշ իրադարձությունների մասին, բայց դրանք տեղի չունեցան»,- ընդգծել է Մատվիյչուկը։
Նրա խոսքով՝ չպետք է շատ հույս դնել դաշնագրերի վրա, քանի որ պատմության մեջ արդեն կան օրինակներ, երբ դրանք բացասական դեր են խաղացել որոշ երկրների համար։
«Փաշինյանը խորամանկ աղվես է և հասկանում է իր խոցելիությունը, Նախիջևանը կա, ուզենք թե չուզենք Նախիջևան հասնելու համար պետք է հաղթահարել համաշխարհային հանրության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է միջանցք ճեղքել, եթե Հայաստանը չի ուզում խաղաղ ճանապարհով բաց թողնել, ապա սա ռազմական միջամտության պատճառ է, սա արդեն իսկական պատերազմ է, կարծում եմ, որ նա պարզապես ուզում է կանխել իրադարձությունները և ստորագրել չհարձակման մասին պայմանագիր։ Այսինքն՝ ապահովել ինչ-որ իրավական փաստաթղթեր, որ Ադրբեջանը ապագայում չի հավակնի այն տարածքներին, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանի տարածքում։
Նման մեծ հույսեր էին դրվում Լեհաստանի և Գերմանիայի միջև չհարձակման պայմանագրի վրա։ Արդյունքն այն է, որ Լեհաստանը երկու շաբաթում անհետացավ աշխարհի քարտեզներից»,- ամփոփեց Alpha News-ի զրուցակիցը։