ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելը մասամբ Արևմուտքի ճնշման արդյունք է. Վիկտոր Վասիլև
01 Փետրվարի 2024, 11:12
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն այսօր օրակարգում չկա: Այս մասին ՌԻԱ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ քննարկման փուլում են Երևանում, այդ փաստաթղթերից մի քանիսն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չի բարձրաձայնվում»,- ասել է Վասիլևը։
Խոսելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին՝ դիվանագետը նշել է՝ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։
«Շատ առումներով այս իրավիճակը և՛ արևմտյան երկրների ճնշման, և՛ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։