Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի համար

01 Փետրվարի 2024, 12:00

Քաղաքականություն

Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։  

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, սակայն, հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։