Երկիրը մի անվտանգության գոտուց մյուսը տեղափոխելու նմանատիպ խաղերն ավարտվում են անհաջողությամբ. Լեոնիդ Ռեշետնիկով
05 Փետրվարի 2024, 23:54
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նախկինի պես չի կարող պաշտպանական համագործակցություն զարգացնել միայն Ռուսաստանի հետ։
Փորձագետի կարծիքով, այն ամենն, ինչ անում է Արևմուտքը, կօգտագործվի Կովկասի անվտանգության և Ռուսաստանի դեմ։
«Արևմուտքը հենց այնպես չի համագործակցի, անվճար պանիրը միայն մկան թակարդում է։ Արևմուտքն ունի որոշակի և հստակ նպատակ, դա ցույց են տալիս վերջին ժամանակների, վերջին տասնամյակների բոլոր իրադարձությունները։ Արևմուտքին պետք է ոչ միայն Հայաստանի փողը, Հայաստանը կարող է մի քիչ փող տալ, կա ամենագլխավոր խնդիրը՝ արտաքին քաղաքականությունը։ Իսկ Արևմուտքը այդ խնդիրը կիրականացնի՝ Հայաստան բերելով ոչ նորագույն, բայց դեռ լավ, ոչ վատ զենքեր։ Եվ դա օգտագործելով՝ նա Վրաստանի հետ միասին կզարգացնի Հայաստանը որպես իր հենակետային երկիր Կովկասում»,- ասել է Ռեշետնիկովը։
Փորձագետի կարծիքով՝ իրադարձությունների նման ընթացքը կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման և կասկածի տակ կդնի կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը։
«Դրանից ոչ մի լավ բան բացարձակապես չի լինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հորինում է, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ տեղափոխի ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Խոսակցություններն այն մասին՝ մեզ այլ սպառազինություն է պետք և այլն, որ Ռուսաստանը քիչ է տալիս, Ռուսաստանը տալիս է Ադրբեջանին, այդ ամենն այդպիսի հնարքներ են, մենք դա արդեն անցել ենք և Մերձբալթյան երկրների, և Ուկրաինայի հետ։ Այս ամենը ասվում է Հայաստանին ՀԱՊԿ գոտուց դուրս բերելու և ՆԱՏՕ-ի հովանու տակ տեղափոխելու համար։ Իսկ երբ տեղափոխի ՆԱՏՕ-ի հովանու տակ, կկատարի այն խնդիրները, որոնք առաջադրելու է Բրյուսելը»,-նշել Է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը Փաշինյանի գլխավորությամբ ընտրել է Ուկրաինայի, Մերձբալթյան երկրների ուղին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ «Եվ այդ հետևանքներն ինչ-որ ժամանակ ի հայտ կգան։ Երկիրն անվտանգության մի գոտուց անվտանգության այլ գոտի տեղափոխելու նման խաղերը շատ ռիսկային են և ավարտվում են աղետալի նրանց համար, որոնք զբաղվում են դրանով», — եզրափակել է Ռեշետնիկովը։