Հայերին աջակցելուց հրաժարվելը չի կարող բխել Եվրոպայի շահերից. ԵԽ պատգամավոր
07 Փետրվարի 2024, 22:52
«Անկեղծ ասած, մենք չենք ակնկալում, որ Եվրահանձնաժողովի դիրքորոշման փոփոխություն կլինի, որի նպատակն է չվնասել Ադրբեջանի կառավարության զգացմունքները»,- Alpha News-ին ասել է Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ֆիլիպ Դե Մանը, որ Եվրահանձնաժողովին գրավոր հարցերով փաստաթուղթ է ուղարկել «Լեռնային Ղարաբաղի բռնակցում հետագա էթնիկ զտումներով» վերտառությամբ։
Փաստաթղթում, մասնավորապես, Եվրախորհրդարանի պատգամավորը խնդրել է պատասխանել, թե Եվրահանձնաժողովը ինչ աջակցություն է մտադիր տրամադրել Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանը։ Պատգամավորը նաև հարցրել է, թե արդյոք հանձնաժողովը ստացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) զեկույցը, թե ինչպես է ծախսվել ԵՄ-ի կողմից մարդասիրական կարիքների համար հատկացված 5 միլիոն եվրոն: Բացի այդ, Դե Մանը խնդրել է պատասխանել, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Եվրահանձնաժողովը Ադրբեջանի հետ հարաբերությունները վերանայելու և գործընկերության համաձայնագիրը կասեցնելու համար։
«ԵՄ պատժամիջոցները (որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ — խմբ.) Եվրամիությանը կախվածության մեջ են դրել Ադրբեջանից եկող գազից և նավթից։ Այնուամենայնիվ, կարևոր է բարձրացնել այս հարցը, քանի որ բռնի կերպով տեղահանվել է ավելի քան 100,000 քաղաքացիական անձ, իսկ պատմական և կրոնական ժառանգության հու՛արձանները միտումնավոր ոչնչացվում են Ադրբեջանի կառավարության կողմից: Հանձնաժողովը հստակորեն կիրառում է երկակի ստանդարտներ, երբ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների խախտումներին։ Մեզ հետաքրքրում է հասկանալ, թե ինչպես կարող է Եվրոպայի շահերից բխել հայերին չաջակցելը»,- նկատել է պատգամավորը։
Խոսելով այն մասին, որ ավելի վաղ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրաժարվել էր վավերացնել Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է՝ դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու հնարավորությունը իր պատվիրակության լիազորությունները չվավերացնելուց հետո։
«Դեռևս պարզ չէ՝ դա իրականում տեղի կունենա և ինչպես կազդի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վրա: Սա դեռ պետք է տեսնել: Մինչ օրս ԵՄ արձագանքը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծված պատերազմին սահմանափակվել է միայն Եվրոպական խորհրդարանի բանաձևերով»,- ասել է նա։