Միջազգային հանրությունը չի ցանկանում պատժել Ադրբեջանին

06 Մայիսի 2023, 14:38

Քաղաքականություն

Չեխիան ուզում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն և կայունություն հաստատվի, սակայն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում չի շտապում տեսակետ հայտնել:

Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան երեկ՝ մայիսի 4-ին, լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են Չեխիայի կառավարությունը, չեխական լրատվամիջոցները լռում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին, ինչպե՞ս Չեխիան կարող է ազդել Ադրբեջանի վրա և ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց, ընդգծելով միայն՝ հարցի լուծման համար պետք է քայլեր ձեռնարկել:

«Տևական խաղաղության հասնելու համար մեզ երկու կողմերից բարի կամք է պետք: Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք, չենք մեկնաբանի: Ես բացման խոսքում խոսել եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին։ Մենք մտահոգություններ հայտնել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հարցով»,– ասաց Չեխիայի վարչապետը, ապա բարձր գնահատեց խաղաղությանը միտված գործողությունները:

Այս հարցում ըստ Պետեր Ֆիալայի՝ Հայաստանը կարող է ակնկալել Չեխիայի, Եվրամիության աջակցությունը: Իսկ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում, չեխ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքից կարելի է ենթադրել, որ պետք չէ հույսեր ունենալ:
Ինչո՞ւ. քանի որ Չեխիան, ինչպես ԵՄ անդամ մյուս պետությունները սեփական շահերն ունեն այդ պետության հետ: Ասել է թե՝ միջազգային հանրությունը կախում ունի ադրբեջանական նավթից ու գազից:

Իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են հույսեր կապել միջազգային հանրության հետ՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները, Արցախի ժողովրդի ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունները և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները թույլ չտալու հետ:

Միջազգային հանրությունը, որը պարբերաբար խոսում է արդեն շուրջ հինգ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար ճգնաժամի մասին և Ադրբեջանին կոչ անում բացել Լաչինի միջանցքը, այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին չի խոսում:

Ստացվում է Հայաստանը ակնկալիքներ ունի միջազգային հանրությունից, իսկ միջազգային հանրությունը ի դեմս՝ Չեխիայի, ուշադրություն չի դարձնում դրանց: Սա հաստատող օրինակն էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, որով Ադրբեջանը պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, սակայն որոշումից երկուսուկես ամիս անց էլ Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ:

Հայկական կողմը այս հարցում էլ ապավինում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն իր գործիքակազմով կարող է ստիպել Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Հայաստանին, սակայն, դեռևս չի հաջողվել Հաագայի դատարանի որոշման չկատարման հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: