Հայտնի են գրական մրցույթում հաղթող ճանաչված մրցանակակիրները
28 Մայիսի 2023, 08:15
Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գրքի երևանյան փառատոնը՝ որպես ոլորտի առանցքային գրական իրադարձություն, «Քաղաքը կարդում է» կարգախոսի ներքո իր շուրջն է համախմբում դաշտի բոլոր օղակներին՝ գրող, գրահրատարակիչ, ընթերցող, պետություն և համայնք, ստեղծելով միջմշակութային երկխոսության մի հարթակ, որը քննարկումների և ճանաչողության, համագործակցության և նոր զարգացումների հեռանկարներ է ուղենշում:
«Ավելի քան 50 գրողներ 6 երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, Հունաստան և Լեհաստան, շուրջ 40 կազմակերպություն, 25 անվճար միջոցառում, որոնք այս երեք օրերի ընթացքում ներգրավել են հանրության տարբեր տարիքային և հետաքրքրություններ ունեցող անձանց։
Հետադարձ հայացք ձգելով փառատոնի կայացման ընթացքին՝ վստահաբար կարող ենք նշել, որ 2017 թվականին մեկնարկած Գրքի երևանյան փառատոնը դարձել է ոլորտի ամենասպասված իրադարձությունը: Այն ձեռք է բերել միջազգային համարում՝ ընդլայնելով մասնակից երկրների աշխարհագրությունը, ծրագրային և ինստիտուցիոնալ շրջանակը, և իհարկե, համագործակիցների և հովանավորների շրջանակը»,- ասել է Աստղիկ Մարաբյանը:
Նրա խոսքով՝ հատկանշական է, որ մայրաքաղաքի ամենասպասված գրական իրադարձութունն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ինչը մատնանշում է պետության և համայնքի հանձնառությունը՝ որպես գրավոր և թարգմանական մշակույթի բազմադարյա ավանդույթներ ունեցող երկրի մայրաքաղաք, Երևանում ապահովել գրականության, ընթերցանության, ժամանակակից գրական գործընթացները մեկտեղող միջավայր։
«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր հովանավորներին և համագործակից կազմակերպություններին, բոլոր մասնակիցներին, գրահրատարակիչներին, գրողներին, ընթերցողներին, և իհարկե, փառատոնի ստեղծագործական թիմին, որոնք մեկ տարի շարունակ նախապատրաստվում են այս գեղեցիկ և կարևոր իրադարձությանը»,- ընդգծել է Աստղիկ Մարաբյանը՝ շնորհավորելով կարևոր գրական իրադարձության կապակցությամբ:
Ներկաներին ողջունել է նաև Գրքի երևանյան միջազգային փառատոնի ղեկավար Անի Ղազարյանը և շնորհակալություն հայտել փառատոնի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ առանձնահատուկ ընդգծելով ընթերցողների դերակատարումը փառատոնի կայացման գործում:
Փառատոնի ղեկավարը կարևորել է գրողների, հրատարակիչների, թարգմանիչների, խմբագիրների կատարած աշխատանքը, որոնց շնորհիվ ընթերցողների գրասեղաններին են դրվում հայալեզու և օտարալեզու բազմաթիվ գրքեր։
«Շատ հպարտ եմ, որ փառատոնն ունի միջազգային կարգավիճակ, ինչը վստահաբար մեծ պատուհան է բացելու մեր գրողների համար: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ տարվա համար, և մեր բանաստեղծները հնարավորություն կունենան անդամակցելու «Վերսոպոլիս» պոեզիայի հարթակին և հրավերներ ստանալու Եվրոպայից: Իհարկե նախապատվությունը կտրվի գրական մրցույթի հաղթողներին»,- եզրափակել է Անի Ղազարյանը:
Գրքի երևանյան միջազգային վեցերոդ փառատոնի գրական մրցույթում ժյուրիի անանուն, փակ քվեարկությամբ հաղթող ճանաչված մրցանակակիրներն են՝
«Դրամատուրգիա» անվանակարգում՝ Սամվել Կոսյանը,
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Ալիս Հովհաննիսյանը,
«Պոեզիա» անվանակարգում՝ Գևորգ Թումանյանը,
«Արձակ» անվանակարգում՝ Նորայր Սարգսյանը և Գևորգ Տեր-Գաբրիելյանը: