Մենք պայքարում ենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի դեմ. Վահրամ Աբաջյան
20 Փետրվարի 2024, 23:00
Արևմուտքն առաջնային ուզում է շրջափակել Ռուսաստանը, և դա ուզում է անել Հարավային Կովկասի միջոցով: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աբաջյանը:
«Հակահայկական ծրագրի երկու շերտ գոյություն ունի: Առաջինը տարածաշրջանային շերտն է, ավելի կոնկրետ Թուրքիան, որն ունի «Մեծ Թուրանի» ծրագիրը, իսկ երկրորդը արևմտյան շերտն է, որն ուղղված է Ռուսաստանի դեմ: Արևմտյան շերտի գործունեությունը ՌԴ-ի դեմ, անշուշտ, սկսվել է ավելի վաղ՝ 2008 թ-ից սկսած, այլ ոչ թե Ուկրաինայի հետ պատերազմից հետո: Արևմուտքն առաջնային ուզում է շրջափակել Ռուսաստանը, և դա ուզում է անել Հարավային Կովկասի միջոցով»,- նշել է Աբաջյանը:
Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիան ևս գործում է ի շահ իրեն, բայց այդ շահերն օբյեկտիվորեն հակասում են Հայաստանի շահերին:
«Հարավային Կովկասին շարունակում է Կենտրոնական Ասիան: Վերջինիս ցանկություններն ու նպատակները կապված են Ռուսաստանի և Չինաստանի հետ: Բայց այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, և այս ամենը չեմ ասում բացասական տեսանկյունից: Այդ երկրներն ունեն իրենց շահերը և գործում են ի շահ իրենց: Բայց այդ շահերն օբյեկտիվորեն հակասում են Հայաստանի շահերին, որովհետև մեր երկիրը այս ամենի կենտրոնում է: Այս պարագայում մեզ կա՛մ կկորցնեն, ոտնատակ կտան, կա՛մ պետք է դառնանք կենսաբանական զանգված և սրանով բոլոր հարցերը կլուծվեն: Ցավոք, այս գործընթացն արդեն իսկ սկսվել է, և մենք պայքարում ենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի դեմ»,- եզրափակել է Աբաջյանը: