ՀՀ քրեական օրենսգիրքը չէր կարող տարածվել հադրութցի ծերունուն սպանած ադրբեջանցու վրա. Գևորգ Դանիելյան
23 Փետրվարի 2024, 21:56
ՀՀ քրեական օրենսգիրքը չէր կարող տարածվել հադրութցի ծերունուն սպանած ադրբեջանցու վրա: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ շրջանառության մեջ դրված վարկածները հեռու են իրավական հիմքերից, թեև դրանք ի հայտ են գալիս նաև ոչ համարժեք պաշտոնական հայտարարությունների արդյունքում:
«Կառանձնացնեմ այն տեսակետը, ըստ որի՝ եթե Հայաստանի իրավասու, իրավապահ մարմիններն անփույթ չլինեին ու ժամանակին ուղարկեին հանձնմանն առնչվող փաստաթղթերը, ապա ՌԴ իրավասու մարմինները ազատ չէին արձակի այդ ոճրագործին, արդեն տխուր ավանդույթի համաձայն, նա չէր վերադառնա Ադրբեջան ու չէր հերոսացվի:
Տեսանյութերից պարզ է դառնում, որ այդ սուբյեկտին դիմավորել են ինչպես և սպասվում էր՝ իբրև ազգային հերոսի, ինչը իրենց խղճուկ պարագայում արդեն լավ մշակված սցենար է: Հիշենք, թե ինչպես հենց օդանավից իջնելիս Ռամիլ Սաֆարովին դիմավորեց այդ երկրի անադեկվատ ու առևերույթ մարդկայնության դեմ հանցագործությունների գլխավոր կազմակերպիչ Ալիևը: Նկատեմ, որ խնդիրը բնավ այդ փաստաթղթերի որակը, հիմնավորվածությունը, առավել ևս ժամանակին կամ ուշ ներկայացնելը չէ, իսկ Հայաստանի ներքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որ իրենք, այնուամենայնիվ, արդեն ազատելուց հետո էլ փաստաթղթերը կփոխանցեն ՌԴ իրավասու մարմիններին, իմ համոզմամբ՝ ավելի շուտ քաղաքական, քան իրավական ենթատեքստ ունի»,- նշել է Գևորգ Դանիելյանը:
Իրավաբանը ընդգծել է, որ քրեական օրենսգիրքը չէին կարող այնպես շարադրել, որ տարածվեր այդ հանցավոր արարքը կատարած ադրբեջանցու վրա։
«Առաջնահերթ հարցը բոլորովին այլ է: Նախ՝ կարող էր արդյոք ՀՀ քրեական օրենսգիրքը տարածվել այդ սուբյեկտի կողմից կատարված հանցագործության վրա: Այդ ճղճիմ արարածը Ադրբեջանի քաղաքացի է, հանցավոր արարքը կատարել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ, ցավոք, Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածք ճանաչված Հադրութում՝ հադրութցի անօգնական ծերունուն գլխատելով: Եթե այս ամենին հավելենք, որ մենք արցախցիներին արդեն պաշտոնապես չենք ճանաչում ՀՀ քաղաքացիներ, ապա կարծում եմ՝ պատկերը ամբողջական կդառնա:
Ստացվում է՝ քրեական օրենսդրությունը ձևական իրավական չափանիշներով, այո՛, չի կարող տարածվել այնպիսի արարքների վրա, որոնք կատարվում են մեկ այլ պետության տարածքում, այլ պետության քաղաքացու կողմից, այլ պետության քաղաքացու նկատմամբ: Մենք կարո՞ղ էինք արդյոք քրեական օրենսգիրքն այնպես շարադրել, որ այսպիսի արարքների վրա ևս տարածվեր, ո՛չ, չէինք կարող: Եթե անգամ տեսականորեն ընդունեինք այդպիսի օրենք, ապա միևնույն է, չէր դիտարկվի իբրև իրավաչափ ու բավարար իրավական հիմք, քանզի պետությունները պարտավոր են հանձնման մասին որոշումներ կայացնելիս ղեկավարվել ոչ թե ազգային օրենսդրությամբ, այլ հանձնման մասին կոնվենցիայով, ինչը բացառում է այդպիսի կարգավորումները:
Ճի՞շտ են վարվել արդյոք իրավապահ մարմինները ազգային օրենսդրության համաձայն մեղադրանք առաջադրելով՝ հասկանալով հանդերձ դրա հնարավոր իրավական հեռանկարը: Այո՛, ճիշտ են վարվել: Այլ խնդիր է, որ քաղաքական հարթությամբ այդ շահերն արդեն չունեն միասնական ընկալումներ ու չափանիշներ: Կարծում եմ՝ այս դեպքում նաև ճիշտ են վարվում ՀՀ ՆԳՆ պատասխանատուները նյութերը ՌԴ փոխանցելու առումով, քանի որ պետք է միջազգային հարթակներում թարմ պահել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկայնության դեմ ուղղված հանցագործություների բուն փաստերը»,- նշել է մեր զրուցակիցը:
Գևորգ Դանիելյանի համոզմամբ՝ Հռոմի ստատուտն իր ուղիղ նշանակությամբ պետք է գործի դնել։
«Վերջապես, այդ ճիվաղն ինքնագլուխ չի կատարել անմարդկային քայլեր, իրեն հստակ ուղղորդել են, իսկ հիմա էլ պետական մակարդակով հերոսացնում են: Եւ հետագայում էլ չհայտնվենք նման տհաճ փակուղիներում, պետք է նույն հետևողականությամբ գործի դնենք վերջերս վավերացրած Հռոմի ստատուտը, այն պետք է ամենուրեք հետապնդի, հանգիստ չտա Ալիևին:
Մենք Հռոմի ստատուտը վավերացրինք հենց այդ տեսլականով՝ մինչդեռ սահմանափակվել ենք դրա հիմքով Պուտինին ձերբակալելու անմիտ շոու հիշեցնող քննարկումներով: Իսկ Պուտինին ձերբակալելու հիմքեր չկան, քանզի ԵԱՏՄ փաստաթղթերով դա արդեն բացառվում է: Դա թողնենք շուոների սիրահարներին՝ շարունակել իրենց սիրած զբաղմունքը, իսկ մեր գերխնդիրն է Հռոմի ստատուտը գործի դնել՝ իր ուղիղ նշանակությամբ»,- եզրափակել է Գևորգ Դանիելյանը: