Ադրբեջանի ագրեսիայի զարգացման տեմպի նպատակը Հայաստանից նոր տարածքներ կորզելն է. Գառնիկ Դավթյան

28 Փետրվարի 2024, 22:52

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը կարծում է, որ այսօր Բեռլինում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին ուղղված վերջին սպառնալիքը նպատակ ուներ ճնշում գործադրել հայկական կողմի վրա:

«Ադրբեջանի մոտ նկատվում է ագրեսիայի միտում, որը նպաստում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն, մասնավորապես՝ կորզել նոր տարածքներ, բանակցություններում ունենալ նոր հաջող ստորագրված փաստաթղթեր, որը հետագայում Ադրբեջանի համար լինելու է հաղթաթուղթ:

Ալիևի այն հայտարարությունը, թե «Հայաստանի համար միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է», նախքան այսօր արտգործնախարարների հանդիպումը՝ թելադրող դիրքից հանդես գալու քաղաքական մարտավարություն ունի, որն օգնում է Ադրբեջանին, հասկանալով Հայաստանի այսօրվա ոչ հայկական, վախկոտ և ադրբեջանական քարոզչության դեմ նվաստացած կարգավիճակը, ստանալ առավելագույնը ինչպես քաղաքական, այնպես էլ տարածքային հաջողությունների տեսանկյունից»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Գառնիկ Դավթյանը:

Այսօր՝ դեռ Բեռլինում հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկից առաջ, ԱԱԾ-ն հաստատեց տարածված տեղեկությունն այն մասին, որ լուսադեմին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանցին վնասազերծվել է:

Գառնիկ Դավթյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմը բանակցություններից առաջ նման մարտավարություն է ընտրել ոչ միայն հայկական զինված ուժերի զգոնությունը ստուգելու, այլև գերիներին վերադարձնելու հարցում Նիկոլ Փաշինյանին օգնելու նպատակով:

«Ադրբեջանական սոցիալական ցանցերում քննարկվում է, որ նման սահմանային անցումները չեն կարող պատահական լինել, քանի որ օկուպացված Արցախի և Հայաստանի տարածքի ամբողջ երկայնքը լուրջ վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։

Այլ պնդումներ էլ կան, որ վեճ է եղել, բայց ես հակված եմ այն մտքին, որ սահմաային նման միամիտ խախտումները կարող են կապված լինել գերիների փոխանակման հետ, ինչը, բնականաբար, որոշ չափով կնպաստի Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը։ Սա, իհարկե, քիչ հավանական տարբերակ է, բայց դա կօգնի հայկական կողմին ավելի բարենպաստ քաղաքական պայմաններ ունենալ Փաշինյանի համար», — նշել է ադրբեջանագետը։

Հիմա եթերում