Թբիլիսիում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցին անմխիթար վիճակում է

29 Փետրվարի 2024, 19:15

Մշակույթ

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականին այս շենքը նույնպես հուշարձանի կարգավիճակ է ստացել: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնք ՀԿ-ից:

«Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 1790 թվականին, իսկ 1883 թվականի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Նոր Երևանցոց Սուրբ Մինասը։

Եկեղեցու ներքին տարածքը բավականին մեծ էր, ինչպես պարզ երևում է նկարներից։ Եկեղեցին ունի երեք մուտք, որոնցից այսօր մնացել է միայն մեկը, որտեղից «իտալական» բակով կարելի է հասնել եկեղեցի (Միսս. Գելատիի Սբ. No 13(30))։

Տարբեր ժամանակահատվածներում անհասկանալի հանգամանքներում ապօրինի շինությունների համար ձեռք բերված թույլտվությունների արդյունքում, եկեղեցու հարավային պատի բացառությամբ, մնացած երեք պատերի երկայնքով շինություններ կան, ինչի արդյունքում տաճարը անտեսանելի է դարձել։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցու շենքը օգտագործվել է տարբեր նպատակներով։ 1924 թվականին Թբիլիսիի կենտրոնական գործադիր հանձնաժողովի որոշմամբ եկեղեցին վերածվել է շրջանային ակումբի, իսկ ավելի ուշ եկեղեցու շենքը օգտագործվել է, որպես կարի արտադրամաս, 1990-ական թվականների կեսերից այն ամայի էր։ Չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին Սբ Մինաս եկեղեցուն տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, այն ոչնչով չնպաստեց եկեղեցու պահպանման գործին:

2014 թվականի սեպտեմբերի 19-ին անձրևների հետևանքով փլուզվել է եկեղեցու տանիքը, որից հետո եկեղեցու տարածքը մաքրվել է ավերակներից, սակայն, ցավոք, մինչ օրս տանիքը չի վերականգնվել։ Իորի փողոցի կողմից բակերից մեկի մուտքի դարպասին պահպանվել է հին սալահատակ հատված, որի վրա փորագրված խաչի կեսն է մնացել։

Նշված դարպասից եկեղեցի հասնելը նույնպես անհնար է։

Եկեղեցին առանց հսկողության թողնելու, տարբեր ժամանակաշրջաններում հուշարձանի պատերին խառնաշփոթ շինությունների թույլտվությունների տրամադրման կամ ապօրինի կառուցվածների սեփականաշնորհման հետևանքով, եկեղեցու շենքի հարակից տարածքի բնակվողների միջև արդեն վեճեր են սկսվել եկեղեցու տարածքի համար։ Նշենք, որ եկեղեցին ունի նաև ստորին հարկ։ Նման շինություններում ընդունված է հուղարկավորել եկեղեցու նշանավոր սպասավորին։

Ըստ հարևանների՝ հիշյալ շենքի ներսը նույնպես աղյուսից է, որտեղ տարիներ առաջ խաչի պատկերով հին տապանաքար է եղել։ Ցավոք, ներքևի հարկ հնարավոր չէ հասնել միայն այն պատճառով, որ եկեղեցու պատերից մեկի վրա կառուցված տարածքի սեփականատերը յուրացրել է նաև նշված շենքը, որի համար նկուղի գործառույթ է դրվել։

Բոլորին կոչ ենք անում իրենց պատասխանատվության շրջանակներում ժամանակին ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի դեռ ուշ չէ…

Հուսով ենք, որ Վրաստանի կառավարությունը, շարժվելով դեպի Եվրոպա, ճիշտ վերաբերմունք կցուցաբերի պատմամշակութային արժեքների նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում