Դոցենտ Յուրի Գասպարյանը դարձել է ջերմամիջուկային ռեակտորում ջրածնի կլանման մոդելի՝ աշխարհում առաջին մշակման համահեղինակը
04 Մարտի 2024, 00:53
Աշխարհի շատ երկրներում այսօր իրականացվում են հետազոտություններ և փորձեր, որոնք նախատեսված են ջերմամիջուկային սինթեզը էներգետիկ ոլորտին ծառայեցնելու և արդյունաբերական ջերմամիջուկային ռեակտորի մոդել մշակելու համար:
Այս ծրագրերը բախվում են բազմաթիվ տեխնիկական և գիտական խնդիրների: Դրանցից մեկը ռեակտորի ներքին պատի կողմից ջրածնի կլանումն է։ Ազգային հետազոտական միջուկային համալսարանում աշխարհում առաջին անգամ մշակվել է մաթեմատիկական մոդել, որը կօգնի լուծել այս խնդիրը:
Մասնավորապես, համալսարանի պլազմայի ֆիզիկայի ամբիոնի ավագ գիտաշխատող Ստեփան Կրատը դարձել է ջերմամիջուկային ռեակտորի մակերևույթում ջրածնի կուտակման գործընթացի աշխարհում առաջին մաթեմատիկական մոդելի հեղինակը:
Կրատի և իր գործընկերների կողմից առաջարկվող տեսական մոդելը նկարագրում է երկու կամ ավելի ջրածնի իզոտոպների խառնուրդի դեպքը և ցույց է տալիս, որ ռեակտորի պատերի կողմից դրանց կլանման մեխանիզմները ենթարկվում են բարդ ոչ գծային օրինաչափությունների՝ կախված բազմաթիվ գործոններից: Մոդելավորման արդյունքները հրապարակվել են «Journal of Nuclear Materials» ամսագրում:
Հրապարակման համահեղինակներն են Ազգային հետազոտական միջուկային համալսարանի աշխատակիցներ Յուրի Գասպարյանը և Ալեքսանդր Պրիշվիցինը։
Հրապարակումից հետո Ստեփան Կրատի վարկածը փորձարկվել է Ազգային հետազոտական միջուկային համալսարանում ջրածնի երկու ոչ ռադիոակտիվ իզոտոպների՝ դեյտերիումի և պրոտիումի խառնուրդի վրա: