Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումը ԵՄ երկակի ստանդարտներն են. ԵԽ պատգամավոր
05 Մարտի 2024, 00:06
«Եվրահանձնաժողովը՝ ի դեմս ֆոն դեր Լայենի, մի տեսակ խուճապի մեջ էր Եվրոպա գազի մատակարարման հետ կապված։ Երկու տարի անց իրավիճակն այլ է, և մենք տեսնում ենք, որ գազի սպառումը սպասվածից ցածր է»,- Alpha News-ին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին:
Նրա խոսքով՝ գազի մատակարարումներ ունեն Կատարից և ԱՄՆ-ից, և Եվրոպայում իրավիճակն այլևս այնպիսին չէ, ինչպես նախկինում։
«Այսօր բոլորը քիչ թե շատ համոզվել են, որ Ադրբեջանից եկող գազը ռուսական գազ է։ Եվ Եվրոպայի համար դա անընդունելի է, քանի որ մենք դեմ ենք Ռուսաստանին և պետք է դադարեցնենք այդ մատակարարումները, քանի որ դա դեմ է այն պատժամիջոցներին, որոնք ԵՄ-ն սահմանել է Ռուսաստանի դեմ։ Երկակի ստանդարտներին պետք է վերջ տալ, մենք կամ պատժամիջոցներ ունենք, կամ դրանք չկան», — նշել է Ալֆոնսին։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի չեղարկման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Ալիևի ագրեսիվ դիրքորոշումից:
«Կան դիվանագիտական ուղիներ՝ փոխելու Եվրոպայի դիրքորոշումը, որպեսզի ռուսական գազը չմտնի Ադրբեջանի տարածքով։ Չեմ կարծում, որ ֆոն դեր Լայենն իրականում Ադրբեջանի կողմից է, նա մտահոգված էր Եվրոպա գազի մատակարարմամբ ամենավատ պահին, երբ Ռուսաստանը դադարեցրեց գազի ամբողջ մատակարարումը Եվրոպա, սակայն այժմ իրավիճակն այլ է»,- ասել է ԵԽ պատգամավորը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն ունի Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու կամք, տարածաշրջանում քաղաքական նոր մոտեցում ցուցաբերելու կամք, ինչի մասին են վկայում օրերս Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումները։
Ալֆոնսին նաև նշել է, որ խաղաղության մասին խոսակցություններն իրականում պետք է սկսել Ադրբեջանին պատերազմը դադարեցնելու կոչով, քանի որ հենց Ադրբեջանն է դա պարտադրում Հայաստանին։
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ճգնաժամի մասին՝ Ալֆոնսին ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի պատմական դաշնակիցն է եղել։
«Հայաստանը Ռուսաստանի հետ դաշինքի մեջ էր, առանձնապես գոհ չէր, բայց դաշինքը կար և պայքարում էր օսմանյան թուրքերի դեմ։ Դա պատմական դաշինք էր, դա ժառանգություն է։ Բայց հիմա սա բավարար չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանի ժողովրդավարական համակարգին, Ռուսաստանն ուզում է Հայաստանն առանց ազատության, կամ ավելի քիչ կաջակցի նրան, քան նախկինում: Ուստի պետք է գտնել ուրիշներին, որոնք կաջակցեն Հայաստանին։ Իսկ Եվրոպան միակն է, որ տեսնում եմ։
Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը մեծ բարդություններ է ստեղծում Հայաստանի համար, իրավիճակը շատ բարդ է։ Քանի որ այն գտնվում է Եվրոպայի հարևանությունում, Հայաստանում ժողովրդավարության միակ հույսը Եվրոպան է։ Սա շատ կարևոր է ապագայի համար։ Բռնապետությունը կարող է տևել երկու սերունդ, 30 տարի, ոչ ավելին, և սա կարևոր պահ է, և Եվրոպան պետք է ամբողջությամբ ներդրումներ կատարի Հայաստանի համար այս պատմական պահին՝ եվրաինտեգրման գործընթացում, նրան պետք է աջակցել», — նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը: