ԵԹԿՊ-ի ուսանողները յուրովի են ներկայացրել Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» ստեղծագործությունը
30 Մայիսի 2023, 01:00
Երկար ու ծավալուն աշխատանքի արդյունքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական երրորդ կուրսի ուսանողներն օրերս հանդիսատեսի դատին են հանձնել Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» ստեղծագործության բեմադրությունը:
Թատերասերներն այն դիտելու հնարավորություն են ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում:
Կուրսի ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է, իսկ բեմադրության հեղինակը՝ ռեժիսոր, դերասան Կարո Բալյանը։
«Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում Բալյանն ասում է՝ դատելով հանդիսատեսի արձագանքից՝ առաջնախաղը շատ լավ է անցել:
«Ուսանողները ոգևորված էին: Սկզբում լարված էին, բայց հետո բարձր տրամադրություն ունեին: Նման բեմադրությունները կրկնակի պատասխանատվություն են, քանի որ գործ ունես ուսանողների հետ: Ես նրանց միշտ տանում եմ տարբեր երկրների փառատոնների:
Այս ներկայացումը ևս բացառություն չէ. կփորձենք այն մի քանի փառատոնի ներկայացնել, որպեսզի ուսանողները հաղորդակցվեն արտերկրի թատերական մթնոլորտին: Ավելի լավ է՝ մեկ անգամ տեսնեն, քան հազար անգամ լսեն»,-շեշտում է ռեժիսորը:
Կարո Բալյանն այժմ Սանկտ Պետերբուրգում է, մասնակցում է Բրյանցևի անվան թատերական փառատոնին: Առաջիկայում պատրաստվում է Բրյանցևի անվան թատրոնում բեմադրել Վիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ»-ը:
«Հրավերներ կան նաև Ռուսաստանի այլ քաղաքներից, առաջարկներ կան Ռումինիայից, Հունգարիայից և այլ երկրներից:
Ռումինիայում և Հունգարիայում գործընկերոջս հետ Շեքսպիրյան փառատոն ենք անցկացնելու, որն այս տարվա սեպտեմբերին է մեկնարկելու, իսկ նոյեմբերի 1-7-ը Հայաստանում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան փառատոնը»,-տեղեկացնում է ռեժիսորն ու հավելում, որ հոկտեմբերին Երևանում հանդես կգա առաջնախաղով: