Թբիլիսիում 109-րդ անգամ նշվել է «Վարդատոնը»

29 Մայիսի 2023, 23:00

Մշակույթ

Մայիսի 28-ին Թբիլիսում նշվել է ավանդական դարձած «Վարդատոն 2023»-ը, որը սկվեց Սայաթ-նովայի շիրմաքարին վարդեր խոնարհելով: Սայաթ Նովային նվիրված միջոցառումն անցկացվել է Թբիլիսիի Մեյդան թաղամասում։

«Ավանդական տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսին, այս տարի առավել խորհրդանշական էր, քանի որ տոնը համընկավ ՀՀ-ի առաջին հանրապետության անկախության օրվա հետ», – Jnews-ի հետ զրույցում ասել է «Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան։

«Գրեթե 100 տարի և ավել, մշակույթային այս քաղաքում նշվում է այս տոնը, որը նվիրված է Կովկասի աշուղին՝ Սայաթ-Նովային: Այս տոնին մասնակցում եմ առաջին անգամ, ինձ համար սա շատ հաճելի է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են և նրանց, ովքեր ունեն իրենց ներդրումն այս գործում», – իր ելույթում ասել է ՀՀ լիազոր դեսապան Աշոտ Սմբատյանը:

Վարդատոնին մասնակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» համույթը։

«Սայաթ-Նովա» համույթից բացի, տարբեր պարային ու երաժշտական կատարումներով հանդես են եկել Հայաստանից ու Վրաստանից երգիչներ, համույթներ ու պարողներ:

Կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի գրողների միության նախագահ՝ Մաղվալա Գոնաշվիլին: Մասնավորապես ասել է.

«Մյուս տարի հոբելյանական է, լրանում է Վարդատոնի 110-ամյակը:  Այդ առիթով, առաջարկում եմ, որ «Սայաթ-նովայի» անունով մրցանակ սահմանենք, որը կտրվի այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս գործում»:

Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» անվանումով:

Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։

Հիմա եթերում