Արաս Օզբիլիս. Հայաստանի հանդեպ սիրով լցված ֆուտբոլիստը

09 Մարտի 2024, 23:38

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 9-ին հայազգի հայտնի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի ծննդյան օրն է:

Արասը ծնվել է 1990թ. մարտի 9-ին Ստամբուլում հայկական ընտանիքում: Ինքը՝ Օզբիլիսը, բազմիցս ասել է, որ իր նախնիները ծնվել և ապրել են Արևմտյան Հայաստանի տարածքում՝ Տիգրանակերտ քաղաքում։

1990-ականներին Օզբիլիսի ընտանիքը Թուրքիայից արտագաղթել է Նիդերլանդներ։ 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Հորն քաղաքի «Հոլանդիա» մանկական թիմում։ Երբ նա դարձավ ութ տարեկան, տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս»-ի մանկական թիմ:
«Այաքս» ֆուտբոլային ակումբն Օզբիլիսի հետ առաջին լուրջ պայմանագիրը կնքել է 2009 թվականին, նույն թվականին ֆուտբոլիստը ճանաչվել է թիմի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը, իսկ ունակությունների և բարձր արդյունքների համար ընդգրկվել է առաջիկա մրցաշրջանի հիմնական կազմում:

2012 թվականի ամռանը Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Կուբան» ֆուտբոլային ակումբ։ 2012թ-ի սեպտեմբերի 2-ին՝ հանդիպման 93-րդ րոպեին, Օզբիլիսը խփեց իր առաջին գոլն՝ այդպիսով օգնելով «Կուբան»-ին հաղթել Մոսկվայի «Դինամո»-ին:

Ավելի ուշ Օզբիլիսը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հանդես է եկել ազգային հավաքականում, իսկ 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի հետ ընկերական խաղի ժամանակ գրավել է մրցակցի դարպասը:

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել բոլոր այն ակումբները, որտեղ խաղացել եմ: Անասելի հպարտ եմ, որ կրել եմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը և շատ խաղերում ներկայացրել եմ հայոց եռագույնը: Սա իմ ֆուտբոլային կարիերայի ավարտն է, բայց ես վստահ եմ, որ դա նոր և հետաքրքիր ճանապարհի սկիզբ է», — վերջերս ասել է Օզբիլիսը:

Alpha News-ը հետաքրքիր հարցազրույց է արել Արաս Օզբիլիսի հետ «էթնիկ կոդ» նախագծի շրջանակներում, որը կարելի է դիտել մեր յութուբյան ալիքում:

Հիմա եթերում