Եվրախորհրդարանը հայ ժողովրդին ճնշող մեծամասնությամբ ասում է․ «Մենք ձեզ հետ ենք»․ Անդրեյ Կովաչով
14 Մարտի 2024, 22:30
Բուլղարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող, ԵՄ-Հայաստան սերտ հարաբերությունների ստեղծման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևի հեղինակներից մեկը՝ Անդրեյ Կովաչովը, Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է փաստաթուղթը և Հայաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են այդ բանաձևի հեռանկարները, և արդյոք այն երաշխավորում է Հայաստանի ընդունումը «եվրոպական ընտանիք», քաղաքական գործիչը նշել է, որ Եվրախորհրդարանը հասկացրել է՝ «Հայաստանին մենակ չի թողնի Ռուսաստանի առաջ»:
Կովաչովի խոսքով՝ բանաձևը, որին կողմ է քվեարկել 504 պատգամավոր, Եվրախորհրդարանի և Եվրոպայի քաղաքացիների ձայնն է, որոնք ընտրել են այդ խորհրդարանը:
«Նախ և առաջ ես շատ ուրախ եմ, որ բանաձևը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը. խորհրդարանի 504 անդամ կողմ է քվեարկել, և միայն 4-ը՝ դեմ։ Այս բանաձևը Եվրախորհրդարանի խոստովանությունն է, որ մենք ընդունել ենք Հայաստանը, և մենք նրան մենակ չենք թողնի Ռուսաստանի և Ադրբեջանի առաջ։ Նրանք կարող են ապավինել ԵՄ-ին։ Եթե Հայաստանը ցանկանա դիմել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի համար, դա նոր փուլ կդառնա մեր հարաբերություններում։ Բայց դա պետք է որոշի Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը, նրանք պետք է կողմնորոշվեն, թե արդյոք պատրաստվում են նման քայլի գնալ և դիմել ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակի համար», — նշել է նա։
Խոսելով նախապայմանների, ինչպես նաև այն մասին, թե որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, պատգամավորն ասել է, որ ինչպես բոլոր մասնակիցների համար, կա համաձայնագրի 49-րդ հոդվածը, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է հայտ ներկայացնել և պետք է կատարի մարդու իրավունքների հարգման պայմանները, կոպենհագենյան չափանիշները և այլ նախապայմաններ, որոնք առաջադրվում են բոլոր պոտենցիալ թեկնածու երկրների համար:
«Ոչ մի հատուկ բան Հայաստանի համար չկա», — ընդգծել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ ԵՄ-ն Հայաստանին անվտանգության երաշխիքներ կտրամադրի նոր սպառնալիքի դեպքում, ԵԽ պատգամավորն ասել է, որ Եվրախորհրդարանի զգալի մեծամասնությունը աջակցություն է հայտնել Հայաստանին, և Հանրապետությունն այլևս միայնակ չէ:
«Այնտեղ է գտնվում ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, մենք կցանկանայինք ավելացնել մեր ներկայությունը Հայաստանում։ ՀՀ իշխանություններից է կախված, թե որ հաջորդ քայլը կցանկանային տեսնել մեր հարաբերություններում։ Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները համապարփակ առևտրային համաձայնագրի ուղղությամբ, և եթե նրանք որոշեն գնալ ԵՄ թեկնածու երկրի ճանապարհով, մենք կանցնենք հաջորդ փուլ», — ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ բանաձևի կարևոր կետերից մեկն էլ վերաբերում է ռազմական պաշտպանության հարցերում համագործակցության պարտավորությանը:
«Այժմ այս ոլորտում հարաբերությունների նոր մակարդակ է կառուցվում Ֆրանսիայի, Հունաստանի և անդամ այլ երկրների հետ։ Մենք պետք է շատ հստակ ազդակ հաղորդենք հայ հասարակությանն այստեղից՝ Եվրախորհրդարանից, որ Հայաստանը միայնակ չէ։ Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ասում է հայ ժողովրդին․ «Մենք ձեզ հետ ենք»»,- հավելել է նա։
Կովաչովը մեկնաբանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում վերջինս Հայաստանից նոր տարածքներ է պահանջում:
«Դա բացարձակապես անընդունելի է։ Բազմաթիվ անգամներ դա ասվել է եվրոպական տարբեր ինստիտուտների կողմից։ Ստեղծվել են դելիմիտացիայի և դեմարկացիայի խմբեր, որոնք պետք է վերջնական լուծում գտնեն Ալմա-Աթայի համաձայնագրի և խորհրդային քարտեզների, միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա, և Ադրբեջանը չի կարող տարածքներ պահանջել Հայաստանից», — եզրափակել է եվրապատգամավորը։