ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում առիթը բաց չի թողնի հակառուսական հայտարարություններ անելու․ Հայկ Խալաթյան

Նախկինում Մոսկվայի ցանկացած քննադատության Երևանը ուներ հստակ պատասխան՝ մենք և՛ ՀԱՊԿ-ի հետ ենք համագործակցում, և՛ ՆԱՏՕ-ի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն, Մոսկվայի՝ Alpha News-ի խմբագրության գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գալու է Հայաստան՝ քննարկելու իբր համագործակցությունը։ Ամեն երկրի հետ կա իր օրակարգը։ Խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, նախկինում էլ ենք դա արել, ինչպես ՀԱՊԿ-ի։ Բայց նախկինում մենք նաև ՀԱՊԿ զորավարժությունների էինք մասնակցում, ու ռուսական կողմի ցանկացած քննադատության Հայաստանը հստակ պատասխանում էր՝ մենք նաև ձեզ հետ ենք համագործակցում։ Եւ դա Մոսկվայի համար ընդունելի էր, քանի որ որևէ մեկը Երևանում կասկածի տակ չէր դնում առաջնահերթությունը, ՀԱՊԿ-ի կարևորությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում»,- ընդգծել է Հայկ Խալաթյանը։

Նա վստահ է՝ ԵՄ անդամ դառնալուն հաջորդելու է ԵԱՏՄ-ից դուրս գալը։

«Մի կողմից Հայաստանը ամբողջությամբ սաբոտաժ է անում թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում ռազմական համագործակոցությունը, ավելին՝ տեսնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանական պատգամավորների հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում սպառնալիք են ընկալվում Ադրբեջանում։ Հարց է ծագում՝ ՆԱՏՕ-ի կամ ամերիկացիների հետ արած զորավարժությունները սպառնալիք չե՞ն, կամ ցանկացած զորավարժություն Ադրբեջանում կարող է ընկալվել որպես սպառնալիք, եթե այդ տեսանկյունից նայենք։ Դա բացասական է ընկալվելու Մոսկվայում։

Տեսնում ենք վերջին հայտարարությունները, արդեն նույնիսկ չեն բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը։Հիմա խոսում են ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին։ Դա անկասկած առաջ է բերելու նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, որովհետև անհնար է համատեղել»,- նշել է Հայկ Խալաթյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հակառուսական հայտարարություններ է անելու Հայաստանում։

«Այս ֆոնին, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է գալիս, պետք է տեսնենք հայտարարություններ։ Ցավոք սրտի, մտավախություն ունեմ, որ պրովոկացիոն հայտարարություններ են հնչելու Ստոլտենբերգի կողմից, որին մինիմում նորմալ արձագանք չի լինի ՀՀ իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկում է որպես թշնամի՝ ասելով, թե պետք է Ռուսաստանին պարտութան մատնել, դժվար թե նա գա Հայաստան ու առիթը բաց թողնի և Ռուսաստանի դեմ հակառուսական հայտարարություններ չանի»,- եզրափակել է Հայկ Խալաթյանը։

Հիմա եթերում