Ակնկալել՝ արևմտյան տերությունները հուսալի պաշտպանություն կլինեն Հայաստանի համար, պատրանք է․ Կռիլով

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Անդրեյ Կռիլովը Alpha News-ի եթերում ընդգծել է, որ այժմ Ռուսաստանին պետք չէ առճակատում ադրբեջանական և թուրքական բանակի հետ:

«Այժմ Ռուսաստանի հիմնական ճակատն ուկրաինական է, ուստի 2-3 ճակատով կռվելը, ինչին ձգտում են արևմտյան մրցակիցները, Ռուսաստանին շատ ձեռնտու չէ։ Այժմ Ռուսաստանի համար Կովկասյան ճակատը առաջնային չէ, հիմնական չէ, ուստի ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ ճակատը չլինի, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական բանակի հետ առճակատման տեսքով։ Իսկ ահա Արևմտյան քաղաքականությունը հանգում է նրան, որ հրահրի նման հակամարտություն, որը իրադարձությունների աղետալի զարգացում կլինի Հայաստանի համար, քանի որ այն կվերածվի ժամանակակից պատերազմի թատերաբեմի:

Արևմտյան տերությունները փորձում են հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար և ակնկալում են, որ Ռուսաստանն ամեն կերպ կձգտի և չի լքի այս տարածաշրջանը, որն իսկապես կարևոր է։ Բայց եթե տարածաշրջանից չհեռանալու գինը ռազմական բախումն է ադրբեջանական և թուրքական բանակի հետ, ապա ես կարծում եմ, որ Ռուսաստանին դժվար ընտրություն է սպասվում։

Նա պետք է ընտրի՝ մեծ պատերազմ սկսել այստեղ, թե հեռանալ, ինչը պակաս կարևոր չէ Հայաստանի կառավարության խնդրանքով, որն այդ մասին համառորեն հայտարարում է՝ ակնկալելով արևմտյան աջակցությունը։
Այստեղ մենք, ցավոք, չենք կարող բացառել կովկասյան տարածաշրջանի համար ամենահոռետեսական սցենարները, երբ վերադառնանք 1920 թվականի իրավիճակին։ Նրանք, ովքեր գիտեն պատմությունը, պետք է հասկանան, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ և կարող է տեղի ունենալ հիմա:

Ակնկալել, որ արևմտյան տերությունները հուսալի պաշտպանություն կլինեն Հայաստանի համար, պատրանք է։ Դա գրեթե նույնն է, ինչ հույս դնել բրիտանական նավատորմի վրա, որը 100 տարի առաջ այդպես էլ «չբարձրացավ» հայկական լեռները, կամ Ֆրանսիայի զորքերի վրա, որոնք ապահովում էին Կիլիկյան Հայաստանի անվտանգությունը: Եվ ինչպես ավարտվեց ամեն ինչ: Ֆրանսիացիները հանգիստ, առանց որևէ նախազգուշացման հեռացան գիշերը, իսկ Կիլիկիայի հայերը պարզապես բնաջնջվեցին», — նշել է Ալեքսանդր Կռիլովը։