Սանկտ Պետերբուրգում բացվել է «Փարաջանովի կողքին» խորագրով ցուցահանդես

19 Մարտի 2024, 09:40

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի «Ռոսֆոտո» թանգարանում բացվել է «Փարաջանովի կողքին» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Յուրի Մեչիտովի և Ելենա Կարուսարի լուսանկարները։ Այս մասին գրում է culture.ru-ն:

Ներկայացված են նաև կինոռեժիսորի դիմանկարները, աշխատանքային պահերը արձանագրած լուսանկարներ, ազդագրեր, ֆիլմերից նկարներ:

Ըստ աղբյուրի՝ Յուրի Մեչիտովի «Սերգեյ Փարաջանով. երկխոսության տարեգրություն» գրքում ներկայացված են լուսանկարներ՝ կինոռեժիսորի կյանքը Թբիլիսիի Կոտե Մեսխի փողոցում գտնվող լեգենդար բնակարանում, որը 1980-ականներին դարձել է ողջ Խորհրդային Միության մշակութային գործիչների հանդիպման վայր, ինչպես նաև՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով»ֆիլմերի նկարահանումներից:

«Լենֆիլմ» կինոստուդիայի նկարիչ-լուսանկարիչ Ելենա Կարուսարի լուսանկարների շարքն էլ մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին՝ «Աշուղ Ղարիբը» ֆիլմի ստեղծման մասին։

«ՌՈՍՖՈՏՈ» թանգարանում հատուկ «Փարաջանովի կողքին» խորագրով ցուցահանդեսի համար պատրաստվել է հանրային ծրագիր՝ էքսկուրսիաներ, վարպետության դասեր, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ փորձարարական կինոյի ժամանակակից հեղինակների հետ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 19-ը։