Թույլ չենք տալու, որ հակառակորդը գա ու նստի Ոսկեպարի գլխին. պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան
19 Մարտի 2024, 15:20
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները հաստատակամ են՝ իրենց հողը թշնամուն չեն զիջելու եւ նման վտանգի դեպքում զենքով են պայքարելու այն հայկական պահելու համար:
«Մենք վճռական ենք տրամադրված: Այն հողը, որն արյունով ենք վերցրել, հակառակորդին չենք տալու: Ոսկեպարը տալուց հետո հակառակորդը հայտնվելու է Լոռվա սարերի գլխին, այն դարպաս է բոլորիս համար, եթե կորցնենք Ոսկեպարը՝ Հայաստանը մասնատում ենք, այն ռազմավարական նշանակություն ունի մեզ համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:
Նախօրեին՝ մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղերի բնակիչների հետ ու անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին: Փաշինյանն ասել է, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքում են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը, օրինակ՝ Ներքին Ոսկեպարը, որն ադրբջանական կողմն անվանում է՝ Աշաղը Աքսիպարա: Այս գյուղը, նշենք, անմարդաբնակ է, այն գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ: Ադրբեջանն այս հատվածից պահանջում է նաեւ երեք այլ գյուղ՝ Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Սրանք եւս անմարդաբնակ գյուղեր են:
Ներքին Ոսկեպար գյուղի տարածքով է անցնում Հայաստան Վրաստան միջպետական ճանապարհը: Եթե այս գյուղն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ, ապա այդ ճանապարհը չի կարող շահագործվել: Մյուս երեք գյուղերը չեն անցնում այդ միջպետական ճանապարհով:
Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը, որը երեկ ներկա է եղել Փաշինյանի հետ հանդիպմանը, մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից եւ ընդգծեց, որ իրենց մտահոգությունը կապված է Ներքին Ոսկեպար գյուղի հնարավոր հանձնման հետ, քանի որ այն արեւմուտքից սահմանակից է Ոսկեպար գյուղին եւ հենց այդ հատվածում ոսկեպարցիները գերեզմանոց ունեն:
«Ժողովուրդը շատ վատ է տրամադրված այն հնարավոր հանգամանքի հետ, որ հակառակորդը կարող է գալ ու նստել մեր գյուղի գլխին: Յուրաքանչյուր մարդ այնտեղ գերեզման ունի, տուն չկա, որ զոհ եղած չլինի հանուն այդ հողի, հանուն Ոսկեպարի ազատության: Դրա համար էլ ոսկեպարցիները պատերազմելու՝ իրենց պատրաստակամությունն են հայտնել, առանց պատերազմի մենք հող չունենք տալու: Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցության ընթացքում ժողովուրդը եկավ այն եզրակացությանը, որ մենք չենք թույլ չենք տալու, որ հակառակորդը մեր գյուղի անմիջապես գլխին նստի, մոտենա գյուղի մատույցներին: Մենք պատրաստ ենք զենք բռնել ու պայքարել: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կմտածեմ այդ հարցի մասին, առանց ձեզ ոչ մի քայլ չեմ անի, բոլոր քայլերի մասին դուք տեղյակ կլինեք: Մենք էլ սպասում ենք իր առաջարկություններին: Եթե փորձեն առանց ժողովրդի ինչ-որ քայլ անեն, ժողովուրդը ոտքի է կանգնելու»,- ասաց Միհրան Մախսուդյանը:
Ոսկեպարցիները ըստ պահեստազորի գնդապետի՝ այժմ սպասում են խնդրի շուրջ Կառավարության ղեկավարի լուծումներին:
«Մենք մեկ շաբաթից տասն օր կսպասենք: Գյուղացիներն ուզում էին վճռական քայլեր անել, ես, համայնքի ղեկավարը խնդրել ենք սպասել: Միգուցե մարդը ճիշտ որոշում կընդունի ու կներկայացնի հանրությանը: Չենք էլ ուզում կասկածի տակ դնել վարչապետի խոստումները: Կարծում եմ՝ խելամիտ առաջարկ կանեն ժողովրդին»,- ասաց Ոսկեպար համայնքի բնակիչ Միհրան Մախսուդյանը: