Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ լիովին կարող է ուժ կիրառել. Բորիս Ռոժին

Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված հնարավոր պատերազմի մասին, եթե չկատարվեն Տավուշի գյուղերը հանձնելու Ադրբեջանի պահանջները։

Ըստ փորձագետի՝ որևէ հավանականություն չկա, որ Ադրբեջանը կսահմանափակվի այդ գյուղերով։

«Բաքուն, օգտվելով սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի բացակայությունից, տարբեր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Եվ դա վերաբերում է ոչ միայն այս չորս գյուղերին, քանի որ Հայաստանն այժմ գտնվում է ծանր վիճակում, խնդիրներ կան բանակի հետ, խնդիրներ կան քաղաքական ղեկավարության հետ, ուստի Հայաստանն ի վիճակի չէ լիարժեք պաշտպանել նույնիսկ սեփական սահմանները։ Եվ հենց այդ պատճառով էլ Հայաստանն այժմ մշտապես հարցումներ է իրականացնում Ռուսաստանին, Ֆրանսիային, Իրանին և մի շարք այլ երկրների օգնության վերաբերյալ։ Բայց իրականում, ելնելով Փաշինյանի հայտարարություններից, մենք տեսնում ենք, որ նա պատրաստ է հանձնել այդ գյուղերը, նա արդեն գործնականում կատարել է ևս չորս գյուղ Ադրբեջանին հանձնելու պահանջը։ Բայց ոչ մի հավանականություն չկա, որ Ադրբեջանը կսահմանափակվի նույնիսկ այդ շրջանում», — ասել է Ռոժինը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է իր առավելություններից, Թուրքիայի աջակցությունից և լիովին կարող է ուժ կիրառել:

«Փաշինյանը տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ ուղիղ հայտարարում էր, որ եթե այդ չորս գյուղերը չհանձնեն, ապա Ադրբեջանը կարող է փորձել ուժով վերցնել դրանք։ Եվ սկզբունքորեն, Ադրբեջանն օգտվում է իր առավելություններից, Թուրքիայի աջակցությունից և լիովին կարող է դա իրականացնել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ֆրանսիան հեռու է և քիչ բանի է ընդունակ, իսկ Ռուսաստանը զբաղված է Հյուսիս-արևելյան ռազմական օկրուգում և, ըստ էության, այն երկիրը, որը կարող է դուրս գալ ի պաշտպանություն Հայաստանի, դա Իրանն է, որը զգուշացրել է՝ չի հանդուրժի զինված ճանապարհով Հայաստանի սահմանների փոփոխությունը և որ պատրաստ է ուժ կիրառել դրա համար։ Բայց դա առաջին հերթին վերաբերում էր Հարավային Հայաստանին,այլ ոչ Տավուշի գյուղերին։ Դրա համար Փաշինյանը բնակչությանը վախեցնում է, որ եթե մենք հիմա չհեռանանք, պատերազմ կլինի», — ընդգծել է ռազմական մեկնաբանը։

Այսպիսով, ըստ նրա, Ադրբեջանի շահերի տեսանկյունից քանի դեռ Ռուսաստանը զբաղված է, Ֆրանսիան հեռու է, իսկ Երևանում Փաշինյան կա, պետք է օգտվել պահից, քանի որ հետո նման բարենպաստ իրավիճակ կարող է չլինել։

«Իսկ այստեղ հնարավորություն կա, այդ թվում նաև ուժ կիրառելով, մեծացնել սեփական տարածքները, ինչ-որ բնակավայրեր միացնել իրեն։ Քանի որ միջազգային իրավունքը հիմա ոչ ոքի ոչինչ չի երաշխավորում, կարելի է վերցնել այն ամենը, ինչ կարող ես։ Իրականում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դա վաղուց է հասկացել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որպես ջանասեր աշակերտ, հենց դրանով էլ զբաղվում է։ Մենք տեսել ենք, թե ինչպես է Թուրքիան գործում Սիրիայում, Իրաքում, այլ երկրների տարածքներում, ինչպես է Թուրքիան օգնում Ադրբեջանին Ղարաբաղում, ինչ մասնակցություն ունեցավ Թուրքիան Լիբիայում՝ փորձելով գրավել նավթի դաշտերը։ Հին պայմանագրերը, որոնք ապահովում էին երկրների միջև փոխգործակցությունը, պարզապես կորցնում են իրենց նշանակությունը», — եզրափակել է Ռոժինը։