Կրասնոդարում կվերականգնվի հայ վաճառականի կառուցած ջրաղացը

23 Մարտի 2024, 00:00

Մշակույթ

Կրասնոդարում հայ վաճառական Գրիգոր Քյոռօղլիի կառուցած ջրաղացի վերականգնման համար 42 մլն ռուբլի կհատկացվի։ Ջրաղացը կառուցվել է 1921 թվականին Սևերնայա և Չկալով փողոցների խաչմերուկում պարսկահայ վաճառական Գրիգոր Քյոռօղլիի կողմից, որին պատկանում էր Կուբանի Տրեխգորնոե գարեջրի, լիմոնադի գործարանները, նույն փողոցում գտնվող հացի փռի շենքը: Այս մասին տեղեկացնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը։

Ջրաղացը տարածաշրջանային նշանակության արդյունաբերական ճարտարապետության հուշարձան է, սակայն երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում։ Քաղաքային իշխանությունները բազմիցս հայտարարել են դրա վերակառուցման անհրաժեշտության մասին: Նշվում է, որ ներկայումս Կրասնոդարի երկրամասի գլխավոր շինարարական վարչությունը կապալառու է փնտրում՝ աշխատանքներն իրականացնելու համար:

Ըստ աղբյուրի՝ միջոցները կուղղվեն շենքի պահպանման, վերանորոգման եւ վերականգնման ինժեներատեխնիկական նախագծային փաստաթղթերի մշակմանը: Օբյեկտի մանրամասն վերստեղծման համար հավաքվում են տվյալներ։ Շինարարության համար պետական պայմանագրի կնքման օրվանից կհատկացվի 20 ամիս։

2023 թվականին հաղորդվում էր, որ ցանկանում են շենքը վերանորոգել մինչև 2026թ-ը: Սկզբում գումարի չափը նշված էր 1,2 մլն ռուբլի, այդ ժամանակ աշխատանքներ էին տարվում վերակառուցման համար նախագծի նախապատրաստման ուղղությամբ։

Հիմա եթերում