Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ Ալեքսեյ Լեոնկով
27 Մարտի 2024, 21:39
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի ծրագրված հանձնման շուրջ քննարկումը։
«Ես կարծում եմ՝ նման քաղաքականությունը, որն իրականացնում է Փաշինյանը, հանգեցնում է Հայաստանում պետականության վերացմանը, քանի որ տարածքների հանձնումը տեղի է ունենում ոչ թե պատմականորեն զարգացած ինչ-որ օբյեկտիվ պատճառներով, այլ զուտ կամային որոշմամբ՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հանձնումը, որտեղ հայերը բնակվել են մի քանի հարյուր տարի։
Եվ սրա ապացույցները, ինչպես ասում են, կան։ Այսինքն՝ մեկ անգամ սկսելով՝ Փաշինյանն այն կշարունակի, կհանձնի անվտանգության պատրվակով։ Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու՝ անվտանգության ապահովման, պաշտպանական կարողությունների ամրապնդման պատրվակով։
Մենք հասկանում ենք, որ դրանք խոսքեր են։ Հայաստանն ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմներ վարել նույնիսկ իր հարևանների հետ։ Չափազանց քիչ ֆինանսական և այլ հնարավորություններ կան: Հայաստանը կախված է ինչ-որ ուժեղ դաշնակցից: Եվ միայն նման ուժեղ դաշնակցի դեպքում Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ բան ասել։ Երբ չկա այդպիսի դաշնակից, երկիրը դատապարտված է պարտության»,- կարծում է փորձագետը։
Alpha News-ի զրուցակիցը հարց է տալիս նախորդ բոլոր տարիներին Հայաստանի մաս կազմող տարածքների այդքան հեշտ հանձնման մասին։
«Եթե այդ տարածքը ներառվել է Հայաստանի Հանրապետության կազմում, ապա ինչու են այդքան հեշտությամբ բաժանվում դրանից։ Ինչու այն ժամանակ ներառվեց: Այստեղ հարցերը շատ են։ Ընդհանուր համատեքստում Հայաստանն իրենից կտոր առ կտոր հող է պոկում, որը որոշ ժամանակ իրենն էր համարում, և դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Անհավասար փոխանակում։ Մի կտոր տարածք տալ այն բանի համար, թե իբր այնտեղ Ադրբեջանն իրեն բարեկամաբար է պահելու, թեև չկա անգամ կնքված պայմանագիր, խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Ինչպե՞ս կարող եք այստեղ որևէ բանի վրա հույս դնել: Ամեն ինչ հիմնված է ինչ-որ դատարկ խոսքերի վրա, որոնք ոչնչով հիմնավորված չեն։ Այսինքն՝ դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մասը։ Ինչ էլ որ լինի»,- եզրափակել է Ալեքսեյ Լեոնկովը։