ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում
31 Մայիսի 2023, 09:58
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից, ասվում է պետդեպի խոսնակ Մեթյու Միլերի տարածած հայտարարության մեջ։
«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։
Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք խաղաղությանը վարչապետ Փաշինյանի հանձնառության կապակցությամբ, և մենք նաև ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ավելի ուշ այս շաբաթ Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ կարգավորելու այս հարցերը բանակցային սեղանին և ոչ թե բռնության միջոցով։
Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, մինչդեռ կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- ասվում է պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։