Խորեն Աբրահամյան․ Երևանին սիրահարված մեծ դերասանը

01 Ապրիլի 2024, 23:27

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր, խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 94 տարեկան։

Դերասանը ծնվել է 1930 թվականին Երևանում։ Արևոտ ու հարազատ քաղաքում ավարտել է թատերական ինստիտուտը։ Արդեն 21 տարեկանում դարձել է Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի թատերախմբի դերասաններից մեկը։ Հենց այս թատրոնին է Աբրահամյանը նվիրել իր կյանքի մեծ մասը։

Խորեն Աբրահամյանի դեբյուտը կինոյում կայացել է 1949 թվականին՝ Համո Բեկնազարյանի «Արարատյան դաշտի աղջիկը» երաժշտական կատակերգությունում։ Ընդհանուր առմամբ, դերասանը նկարահանվել է 40 ֆիլմում։

Նա նաև եղել է Լենինականի դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենը, բայց, այնուամենայնիվ, վերադարձել է Սունդուկյանի թատրոն, որտեղ մինչև 1996 թվականը եղել է գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը։

Խորեն Աբրահամյանը նաև զբաղվել է քաղաքականությամբ և հասարակական գործունեությամբ։ Նա եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը, իսկ 1989-1991թթ.՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

Մի օր Խորեն Բաբկենովիչին հարցրել են, թե որն է այն դերը, որն ամենաշատն է սիրում, նա անմիջապես պատասխանել է.

«Այն, որ խաղում էի ամեն օր՝ առանց դիմահարդարման ու կեղծամի, առանց բեմական հագուստի, առանց ռեժիսորի և հանդիսատեսի։ Դախելագար Խորիկի դերն է, ով հուսահատ սիրահարված է այս կյանքին ու այս մեծ գործողությանը, որի անունն է Երևան»:

Մեծ արտիստը կյանքից հեռացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին։ Երևանցիները Աբրահամյանի դագաղը ձեռքերի վրա տարել են մոտ վեց կիլոմետր։ Խորեն Աբրահամյանը թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։