«Թուրքը կանգ չի առնելու, 4 գյուղերը հանձնելու դեպքում՝ կզրկվենք կյանքի իրավունքից». ոսկեպարցիներ
05 Ապրիլի 2024, 20:00
Ոսկեպար գյուղի բնակիչ Նվեր Բեգլարյանը պնդում է՝ եթե 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, ապա հակառակորդը դրանք ոչ թե բնակեցնելու, այլ ռազմաբազա է դարձնելու՝ ուղղված Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեւան ու հարակից գյուղերի դեմ:
«Թուրքը կանգ չի առնելու, հաջորդ քայլով էլ այսպես կոչված անկլավներն են պահանջելու: Սրա նապատակը Հայաստանի միջպետական ճանապարհները վերահսկողության տակ առնելն է: Տավուշի դեպքում խոսքը Հայաստան-Վրաստան ճանապարհի, Արարատի մարզի Տիգրանաշենի դեպքում՝ Հայաստան-Իրան ճանապարհի մասին է: Թուրքի քաղաքականությունը նոր չի մշակվել: Այն հայերը, որոնք լավ գիտեն պատմությունը, վաղուց են ասել, որ չտրվենք նրանց հետ խաղաղության գնալու կործանարար թեզի ճանապարհով»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Նվեր Բեգլարյանը:
Ոսկեպարցի Հարություն Ալավերդյանը Alpha News-ին պատմեց, թե ինչպես են 90-ականներին ադրբեջանցիները այդ տարածքներից առեւանգել հայերին ու սպանել: Նրանցից ոմանք առ այսօր անհետ կորած են համարվում:
«Այդ գյուղերը հանձնելու դեպքում, մենք կզրկվենք մեր կյանքի իրավունքից: Մենք լավ ենք ճանաչում թուրքի էությունը: Մեր տրամաբանության մեջ չկա՝ հողեր տալ, որ պատերազմ չլինի: Դա մեզ համար անընդունելի է: Էսքան մարդ զոհվել է ինչի՞ համար: Հիմա մեր զոհերի գերեզմանները թողնե՞նք թուրքին, որ գան պղծեն, ես չեմ համակերպվի դրա հետ»,- ասաց Ալավերդյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:
Փաշինյանը շեշտել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտում են անում ոչ միայն հանուն Հայաստանի, այլեւ հանուն Ոսկեպարի եւ մյուս գյուղերի անվտանգության ապահովման: Տավուշցիները հակառակ Փաշինյանի հավաստիացումների՝ Alpha News-ին պատմել են 4 գյուղերը հանձնելու վտանգների մասին: