Հայերը երաշխավորված են հիասթափվելու Արևմուտքի քաղաքականությունից. Գլեբ Կուզնեցով
06 Ապրիլի 2024, 00:25
Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը։ Փորձագետի կարծիքով, հայերը բացարձակապես երաշխավորված են հիասթափվելու Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ Արևմուտքի երկրների իրական քաղաքականությունից։
«Այդ հանդիպման ժամանակ նրանք կարող են խոստանալ ամեն ինչ, բայց հարցն այն է, թե որքանով են այդ խոստումներն իրականանալի, և արդյոք խոստացող կողմը պատրաստ է ընդհանրապես կատարել դրանք։ Առայժմ տեսնում ենք, որ այդ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հատուկ զանգահարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և գրեթե ներողություն խնդրել այդ հանդիպման համար։ Ադրբեջանը օբյեկտիվորեն պետք է Եվրոպային, ԱՄՆ-ին, Իսրայելին: Ադրբեջանն օբյեկտիվորեն պետք է և Եվրոպային, և ԱՄՆ-ին, և Իսրայելին։ Իսկ Հայաստանն ուղղակի չունի այնպիսի առավելություններ, եվրոպացիների, ամերիկացիների հետ առևտուր անելու այնպիսի լծակներ, ինչպիսին ունի Ադրբեջանը։
Հայաստանը պետք է հույսը դնի առաջին հերթին իր վրա, և ունի միայն մեկ դաշնակից՝ դա հայ ժողովուրդն է Հայաստանի ինքնիշխան տարածքի ներսում և դրսում։ Այլ բարեկամներ, գործընկերներ և դաշնակիցներ Հայաստանը, ցավոք, չունի։
Հիմա Հայաստանի առանցքային խնդիրներից մեկն, իմ կարծիքով, նոր հույս գտնելու մշտական ցանկությունն է։ Հայերը միանգամայն երաշխավորված են հիասթափվելու Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ արևմտյան երկրների իրական քաղաքականությունից»,- նշել է Կուզնեցովը։
Փորձագետի կարծիքով, երբ Հայաստանը չկատարի Արևմուտքի պահանջները, ապա Արևմուտքը կասի. «քանի որ մեր պահանջները չեք կատարել, ուրեմն մենակ մնացեք Ադրբեջանի հետ»։
«Արևմուտքը Հայաստանի նկատմամբ ունի երկու բացարձակապես հստակ խնդիր։ Առաջինն՝ ամբողջ աշխարհին ցույց տալն է, որ Հայաստանը դուրս է եկել Ռուսաստանի ուղեծրից։ Արևմուտքի համար գտնել մի երկիր, որը կմիանա արևմտյան աշխարհին, դա քարոզչական և շատ շահեկան պատմություն է։ Երկրորդ բանը, որ Արևմուտքին պետք է Հայաստանից, հակաիրանական դաշինքին անդամակցելն է։ Իսկ դրա համար Հայաստանը պետք է փաստացի հրաժարվի գործընկեր երկրից, որի հետ ցամաքային սահման ունի։
Բայց Հայաստանը չունի այնքան բաց սահմաններ, որ պարզապես վերցնի ու «ոչ» ասի Իրանին։ Արևմուտքը կարող է Հայաստանին ներկայացնել պահանջներ, որոնք բացարձակապես անընդունելի են հայկական պետության և Հայաստանի ինքնիշխանության համար։ Իսկ երբ Հայաստանը չկարողանա դրանք ամբողջությամբ կատարել, Արևմուտքը կասի՝ քանի որ մեր պահանջները չկատարեցին, ուրեմն մենակ մնացեք Ադրբեջանի հետ։ Սա ամենաիրատեսական սցենարն է։
Պետք է հասկանալ, որ Արևմուտքն Ադրբեջանի հետ շատ ավելի հիմնարար շահեր ունի, ուստի այդքան էլ հեշտ չի լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ փոխելու իր քաղաքականությունը հայկական ուղղությամբ»,- ասել է Կուզնեցովը։
Ըստ նրա՝ եթե խոսեն այն մասին, թե ինչ պահանջներ կարող է ներկայացնել Արևմուտքը Հայաստանին օգնության դիմաց, ապա դրանք բավականին շատ են։
«Դա կարող է լինել հետևյալը՝ փակել հայ-իրանական սահմանը, դուրս գալ բոլոր կազմակերպություններից, որոնց մասնակցում է Ռուսաստանը և նույնիսկ դադարեցնել թռիչքները Մոսկվայի հետ: Ռուսաստանը բացասաբար կարձագանքի նման բաներին։ Բայց հարկ է նշել, որ ասել՝ մենք Ռուսաստանին դուրս կմղենք Հարավային Կովկասից և դա անելը բոլորովին այլ բաներ են։ Անիմաստ է հույս դնել այն բանի վրա, որ Հայաստանը, գժտվելով Ռուսաստանի հետ, բարեկամանալու է Արևմուտքի հետ, որը կլուծի բոլոր խնդիրները» Պետք է բարեկամություն անել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ»,- ընդգծել է Կուզնեցովը։
Փորձագետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի հետ հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունը, ինչպես նաև Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև առաջացած թյուրըմբռնումները: