Արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն Ադրբեջանի հետ առճակատման ռեժիմում հայտնվել․ Բադալյան
06 Ապրիլի 2024, 14:50
Ինչպես Արևմուտքն, այդպես էլ Ռուսաստանն ու Իրանը, մտադիր չեն Ադրբեջանի հետ առճակատման ռեժիմում հայտնվել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Ադրբեջանը փորձում է խաղալ և իր ծառայությունները մատուցել Արևմուտքին՝ Ռուսաստանի և Իրանի դեմ նրանց խնդիրները սպասարկելու առումով, և դրանց հիման վրա առևտուր սկսել Ռուսաստանի և Իրանի հետ։ Եվ քանի որ Ադրբեջանը որոշակի ռեսուրսային ուժ կուտակել է տարբեր հանգամանքների շնորհիվ, և այնտեղ կա նաև Թուրքիայի գործոնը, միևնույն ժամանակ կա նաև որոշակիորեն անփոխարինելիության գործոն, այն իմաստով, որ Ադրբեջանը, փաստացի, դուռ է դեպի Կասպիցի շրջան և հետո Կենտրոնական Ասիա, սա Ալիևին թույլ է տալիս այդ խաղը շարունակել։ Այնպես չէ, որ սա վտանգավոր խաղ չէ իր համար, բայց մեծ հաշվով այլ տարբերակ էլ հիմա չկա, և քանի դեռ ուժը ներում է, փորձում է այդ խաղը տանել, առավել ևս, որ այդ խաղի համար համաշխարհային միջավայրն առկա է»,- ասել է Բադալյանը։
Նա ընդգծել է՝ այսօր Ադրբեջանն ունի մտահոգություններ, օրինակ՝ Ֆրանսիայի դիրքորոշումների առումով։
«Ալիևը հայտարարում է, որ Ֆրանսիան Ադրբեջանի հետ պայքարում է Կովկասում առաջնորդության համար։ Այս ամենի հետևում անշուշտ կանգնած է Թուրքիան, հնարավոր է նաև Մեծ Բրիտանիան, քանի որ, ըստ իս, այստեղ մենք նաև ֆրանս-բրիտանական հակամարտության վկան ենք։ Այդ տեսանկյունից պետք է նկատի ունենալ, որ այս օրերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որին մենք այդքան էլ ուշադրություն չդարձրինք։ Տեղի ունեցավ Ֆրանսիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, և սա վերջին ժամանակաշրջանում առաջին շփումն էր։ Այս հանգամանքին ուշադրություն եմ դարձրել դեռևս Ռուսաստանի նախագահական ընտրություններից սկսած։ Այդ ժամանակ Մակրոնը մի հայտարարություն արեց՝ եթե Պուտինը իրեն զանգահարի, ինքն անպայման կպատասխանի և կխոսի, քանի որ ինքը պարտավոր է լսել բոլոր առաջարկությունները։ Եվ Պուտինի ընտրության օրը հարց հնչեց Ֆրանսիայի դերի վերաբերյալ, և նա այսպիսի մի ձևակերպում արեց, որ Ֆրանսիան կարող է կարգավորող դեր ունենալ ուկրաինական հակամարտությունում, և ամեն ինչ դեռ կորած չէ։
Կարծում եմ՝ այս մեսիջները անհանգստացնում են Թուրքիային և Ադրբեջանին, քանի որ հասկանալի է՝ այստեղ Ֆրանսիայի ներկայությունը մի կողմից թվում է՝ Ռուսաստանի դեմ է, բայց կան այնպիսի շերտեր, որ առաջացնում են բազմիմաստ հարցեր։ Օրինակ, եթե դիտարկենք Ֆրանսիայի հավակնությունները Կովկասում Հայաստանի մասով, հարց է առաջանում՝ դրանք ինչպես է հնարավոր իրականացնել առանց Վրաստանի, և մյուս հարցն է առաջանում, իսկ Վրաստանի հետ կապված հարցերը Ֆրանսիան ինչպես կարող է լուծել, եթե այնտեղ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը կա։ Այնտեղ լինելու է ստվերային ազդեցություն Բրիտանիայից, և հարց է առաջանում, եթե Ֆրանսիան չաշխատի Ռուսաստանի հետ, ապա ինչպես է լուծելու այդ հարցերը։ Այս հարցերը առաջանում են նաև Թուրքիայում, Ադրբեջանում, և սրանց ուղղությամբ մենք պետք է աշխատենք։ Այս երևույթներից պետք է կարճվենք, և մեր դերը ձևավորենք այս ամենի մեջ»,- եզրափակել է Բադալյանը։